ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հրաժարականները պետք է դիտարկել նախընտրական գործընթացների տրամաբանությունում։ Այս մասին Ազգային ժողովում, նոյեմբերի 18-ի ավանդական ճեպազրույցում, ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ իշխանություններն այդ կերպ փորձում են հանդես գալ «նոր դեմքով»։ «Իշխանություններն, ըստ էության, փորձում են փաթեթավորել բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիներին, եւ հանդես գալ նոր դեմքով։ Խորհրդանշական է, որ սափրվելու գործընթացը նույնպես դրա մի մասն է, եւ համընկնումն այստեղ պատահական չէ։ Միանգամայն հնարավոր է, որ իմիջի առումով նրան որոշակի խորհուրդներ են տվել, որոնք նա այսօրվա դրությամբ իրականացնում է»,- ասել է Աբրահամյանը։
Իսկ ինչ վերաբերում է «ուժային բլոկներին» կամ «արդարադատության բլոկներին», ապա, պատգամավորի խոսքով, «այս իշխանությունը բազմաթիվ խոստումներ է տվել, բայց հասարակությունը դարձել է միանգամայն այլ բանի վկան։ «Եվ հիմա առաջացել է «մեղքը տարբեր մարդկանց վրա դնելու» կամ անգամ համակարգի վրա դնելու անհրաժեշտություն»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականներ են տվել։





























