Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման ծավալներն ավելացնելու նպատակով կառուցվող 400կՎ լարման էլեկտրահաղորդման գիծը եվրոպական երկրների հետ տարանցման եւ էլեկտրաէներգիայի փոխանակման նոր երթուղի կդառնա:  Այս մասին իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մոհամեդ Բեհզադը:

Փոխնախարարը հստակեցրել է, որ էլեկտրահաղորդման նոր գիծը (ԷՀԳ) կառուցվում է Վրաստան, հետագայում նաեւ` Ռուսաստան եւ եվրոպական այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով:

Ներկա պահին Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման  համար գործում է  230 կՎ լարման ԷՀԳ-ն: Ենթադրվում է, որ նոր ԷՀԳ-ը թույլ կտա էլեկտրաէներգիան Իրանից Հայաստանի տարածքով մատակարարել Վրաստանին:

Մոհամեդ Բեհզադը հիշեցրել է, որ տվյալ պահին Իրանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը կատարվում է Ադրբեջանի տարածքով, եւ նոր ԷՀԳ-ը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխանցման  ծավալները երկու երկրների միջեւ:

Ներկա պահին Իրանը էլեկտրաէներգիա է արտահանում Թուրքմենստան, Թուրքիա, Իրաք, Աֆղանստան եւ Պակիստան:  Նախատեսվում է նաեւ իրանական էներգահամակարգը միավորել Պարսից ծոցի հարավային ափերին տեղակայված երկրների հետ:

Բանակցություններ են տարվում նաեւ Ադրբեջանի հետ` դրա տարածքով Իրանի եւ Ռուսաստանի էներգացանցերի միավորման շուրջ: Բացի այդ, Թուրքիայի հետ քննարկվում է նրա տարածքով Իրանի եւ Լիբանանի էներգացանցերը միավորելու հարցը:

Ենթադրվում է, որ իրանական էներգացանցը Ռուսաստանի, Արեւմտյան Ասիայի եւ Պարսից ծոցի երկրների էներգացանցերի հետ միավորելու բանակցությունների հաջող ավարտի դեպքում Իրանը Մերձավոր եւ Միջին Արեւելքում էլեկտրաէներգիայի մատակարարման տարածաշրջանային կենտրոնի կվերածվի:

Այսօր նպատակային սուբսիդիաների տրամադրման մասին օրենքի դրույթների իրագործման պայմաններում Իրանը էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացրել է շուրջ 24%-ով, եւ տարեվերջին (20.03.12) այդ արտահանման եկամուտները կհասնեն մինչեւ 1 միլիարդի: