Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 42-ամյա Աշոտ Քարամյանին, որը դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: Ա. Քարամյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկություն:
Նույն օրը, ժամը 12-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Գյուլլիզար Գրիգորյանին, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր գողության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով:
Ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Վանթյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 23-ամյա Ռուստամ Շավալյանին, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:




























