Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը 2011 թվականին պայթյուններով և կրակոցներով 77 մարդու կյանք խլեց, երեքշաբթի ներկայացել է դատարան, որտեղ կքննարկվի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ նրա խնդրագիրը, գրում է Associated Press գործակալությունը։
Դա ծայրահեղ աջ ծայրահեղականի՝ ավելի քան մեկ տասնամյակ ճաղերի հետևում անցկացնելուց հետո ազատ արձակման հասնելու երկրորդ փորձն է:
45-ամյա Բրեյվիկը, ով կրում է առավելագույն 21 տարվա պատիժը, նորվեգական օրենսդրությամբ 10 տարի ազատազրկումից հետո իրավունք ունի պայմանական վաղաժամկետ կարգով ազատ արձակվել:
Նա մեկուսացված է եղել 2012 թվականից ի վեր, երբ սկսել է իր պատիժը կրել բանտում և մի քանի անգամ հայտարարել է, որ իր հանդեպ վերաբերմունքը «անմարդկային պատիժ է համազոր՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»։ Ամեն անգամ դատարանները մերժել են նրա պահանջները։
Իշխանությունները հայտարարել են, որ Բրեյվիկի պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքը պետք է մերժվի, քանի որ «որակավորված և իրական» վտանգ կա, որ ազատ արձակվելու դեպքում նա ևս մեկ ծանր բռնի հանցագործություն կկատարի, հաղորդել է նորվեգական NTB լրատվական գործակալությունը դատարանից:
2011-ին Անդերս Բրեյվիկը Օսլոյում ականապատ մեքենա պայթեցրեց վարչապետի գրասենյակի մոտ, ինչի հետևանքով զոհվեց ութ մարդ, դրանից հետո մեքենայով մեկնեց Ուտոյա կղզի և Լեյբորիստական կուսակցության երիտասարդական ճամբարում գնդակահարեց 69 մարդու:
2012 թվականին նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մեջ և Նորվեգիայում նշանակվել է առավելագույն պատժաչափ՝ 21 տարի, որը կարող է երկարաձգվել անորոշ ժամանակով։
Բրեյվիկը 2022 թվականին արդեն խնդրել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակել, սակայն դատարանը մերժել էր ահաբեկչի խնդրանքը։





























