Իսպանիան առաջիկա երեք տարիների ընթացքում օրինականացնելու է տարեկան մոտ 300 հազար անօրինական ներգաղթյալի, քանի որ ծերացող բնակչության պայմաններում երկիրը ձգտում է ընդլայնել իր աշխատուժը, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի լրագրողներին հայտնել է միգրացիայի նախարար Էլմա Սաիզը։

Իսպանիան՝ ձախակողմյան փոքրամասնության կոալիցիոն կառավարության գլխավորությամբ, հիմնականում ողջունում է ներգաղթյալներին, նույնիսկ այն դեպքում, երբ եվրոպական այլ երկրներ, մասնավորապես՝ Իտալիան և Գերմանիան, սահմանային հսկողությունը ձգտում են խստացնել:

«Իսպանիան պետք է ընտրություն կատարի բաց և բարգավաճ կամ փակ և աղքատ երկիր լինելու միջև, և մենք ընտրեցինք առաջինը»,-ընդգծել է Սաիզը՝ հավելելով, որ պետությանն աջակցելու համար երկրին անհրաժեշտ է տարեկան 250 հազարից մինչև 300 հազար օտարերկրյա հարկատու աշխատող:

Այս բարեփոխումը կպարզեցնի աշխատանքի և բնակության թույլտվություն ստանալու իրավական և վարչական ընթացակարգերը՝ ներգաղթյալներին հնարավորություն տալով գրանցվել որպես ինքնազբաղված կամ որպես աշխատող և նրանց աշխատանքային իրավունքների լրացուցիչ երաշխիքներ ապահովելով:

Իսպանիայի տնտեսությունն ամենաարագ զարգացողն է ԵՄ-ում, որը մասամբ սնվում է Լատինական Ամերիկայից հմուտ ներգաղթյալների հոսքով, որոնք լրացրել են աշխատուժի պակասը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տեխնոլոգիաները և հյուրանոցային բիզնեսը: Համախառն ներքին արդյունքը երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4%-ով։

Fitch Ratings-ը նշում է, որ 2022 թվականին զուտ միգրացիան գերազանցել է ամբողջ նախորդ տասնամյակի ցուցանիշը՝ օգնելով խթանել Իսպանիայի աշխատունակ բնակչության թիվը և մեղմել տեղական բնակչության ծերացման հետևանքները: