1966թ. ձայնագրված վինիլային սկավառակը վերադարձվել է ընտանիքին այն բանից հետո, երբ պատահաբար հայտնվել է Տեխասի բարեգործական խանութում, գրել է UPI-ն։
Քեթի Օռնելասը սկավառակը գնել է Օսթին քաղաքի (Տեխասի նահանգ) բարեգործական խանութում, բայց երբ բացել է «Modern Jazz Quartet» սկավառակի շապիկը, ապա ջազի փոխարեն հայտնաբերել է հարսանեկան երդումների, աղոթքների եւ ուրախ բացականչությունների ձայնագրություն։
Սկավառակի վրա գրված էր՝ «Ֆիլի եւ Դոնայի հարսանիքը»։
Օռնելասը իր պատմությունը ներկայացրել է ԶԼՄ-ին՝ հուսալով գրավել սկավառակի տերերի ուշադրությունը, եւ արդյունքում այդ պատմությունը հանտնվել է համացանցում, այն կարդացել են Ֆիլ եւ Դոնա Շմիդտների աղջիկները։
Դոնա Շմիդտը պամել է, որ իրենք ամուսնացել են Կալիֆոռնիայում 1966թ., հետո տեղափոխվել են Օսթին, որտեղ Շմիդտը դասավանդել է Տեխասի Օսթինի համալսարանում ավելի քան 40 տարի, իսկ 2013թ. անցել է թոշակի։ Նա տեղեկացրել է, որ իրենք վաճառել են գույքը, երբ 2022թ. մարտին տեղափոխվել են Օսթինի իրենց տնից Դենվերի թոշակառուների համայնք, եւ սկավառակը հավանաբար վաճառվել է սխալմամբ։
«Վաճառքի պատճառով մեր տնից հանվել է ամեն ինչ,- ասել է Շմիդտը։- Մենք սկավառակների մեծ հավաքածու ունեինք, եւ ինչ-որ կերպ մեր հարսանեկան վինիլային սկավառակը դրվել է ջազի շրջանակի մեջ։ Հետաքրքիր է, թե ինչ գանձեր ենք թողել մենք մեզանից հետո»։ Կինը նշել է, որ սկավառակի վերադարձը կյանքի հաջորդ հատվածն ավելի առանձնահատուկ կդարձնի։
«Անցած տարվա օգոստոսին մենք տոնեցինք մեր ամուսնության 58-ամյակը,- ասել է Շմիդտը։- Ինչ լավ նվեր մեզ համար՝ վերադարձնել այս ձայնագրությունը հաջորդ տարի 59-ամյակի առիթով»։





























