COP29 Բաքվում սկսվել է դիվանագիտական միջադեպով. Հյուրընկալող երկրի նախագահ Իլհամ Ալիևը հարուցել է Փարիզի զայրույթը՝ դատապարտելով «նախագահ Մակրոնի ռեժիմի հանցագործությունները» անդրծովյան տարածքներում՝ ելույթ ունենալով բնապահպանական խնդիրների լուծմանը նվիրված ՄԱԿ-ի ֆորումի բացման ժամանակ:
«Այդ, այսպես կոչված, անդրծովյան տարածքներում Ֆրանսիայի հանցագործությունների դասերը թերի կլինեն՝ չհիշատակելով ռեժիմի կողմից մարդու իրավունքների վերջին խախտումները», - ասել է նա, հաղորդում է Euronews-ը:
Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն ի պատասխան դչրա՝ չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Բաքվում COP29-ին՝ Ալիևի հարձակումներն «անընդունելի» անվանելով։
Euronews-ի հետ զրուցած փորձագետների կարծիքով, Փարիզի և Բաքվի միջև լարվածության աճը պայմանավորված է, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանին ցուցաբերվող աջակցությամբ:
«Այս լարվածությունը հիմնականում քաղաքական է: Եվ դա Ադրբեջանի փորձն է՝ վրեժխնդիր լինել Ֆրանսիայից՝ Հայաստանին ցուցաբերած բացառիկ և նշանակալի աջակցության համար»,-շեշտել է Թեոնա Լավրելաշվիլին։
Եվրոպական հարցերով մասնագետը նշում է, որ Ֆրանսիան Հայաստանին աջակցել է «դիվանագիտական, ֆինանսապես և ռազմական առումով», հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։
Նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս կոչ է արել Ալիևին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովել իր հայ բնակչության անվտանգ և անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք լքել են անկլավը Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով։





























