Հայաստանում  այսօր` դեկտեմբերի 10-ին, ժամը 15:33:36-ից մինչեւ 21:29:57-ը, կարելի է դիտել Լուսնի մասնակի խավարումը:

Լուսնի ամբողջական խավարում կդիտվի Հյուսիսային Ամերիկայում, կենտրոնական եւ արեւելյան Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում,  մասնակի` Եվրոպայում եւ Աֆրիկայի մեծ մասում:

Խավարման ժամանակ Լուսինը դառնում է վառ նարնջագույն: Երբ երկրի ստվերն ընկնի Լուսնի մակերեւույթի վրա, հնարավոր է ստվերի եզրին կապտավուն շրջագիծ հայտնվի:

Ինչպես NEWS.am-ին պարզաբանել էր Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, խավարումը տեւում է մի քանի ժամ եւ ավելի երկար է, քան Արեգակի խավարումը: «Հայաստանի լեռնային գոտիներում, որտեղ մթնոլորտային շերտը այնքան էլ խիստ չէ, ավելի լավ կերեւա խավարումը, քաղաքային պայմաններում` ավելի վատ, դրան խանգարում է նաեւ լուսավորությունը, սմոգը, ծուխը, որոնք փչացնում են պատկերը»,- ասաց աստղագետը` խորհուրդ տալով աստղադիտական երեւույթներին նայել բնության գրկում:

Կիսաստվերային փուլը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 11:33:36 –ին (Երեւանի ժամանակով` 15:33:36) եւ կտեւի 5 ժամ 56 րոպե 21 վայրկյան ու կավարտվի ժամը 17:29:57-ին (Երեւանի ժամանակով` 21:29:57):

Մասնակի խավարման փուլը կսկսվի Գրինվիչով ժամը 12:45:43-ին, կտեւի 3 ժամ 32 րոպե եւ 15 վայրկյան: Ամբողջական խավարումը տեղի կունենա Գրինվիչով ժամը  14:06:16-ին եւ կտեւի 51 րոպե 8  վայրկյան:  Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը կգտնվի Taurus համաստեղության ներքո: