Էդուարդ Կոկոյտին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Մինչեւ 2012թ. մարտի 25-ի նոր ընտրությունները, երկրի նախագահի պարտականությունները կստանձնի կառավարության ղեկավար Վադիմ Բրովցեւը:
Գնալիս նախագահն ասել է. «Մարդիկ ժամանակի ընթացքում կհասկանան մեր իրավացիությունը, եւ այն, թե ինչ աղետից փրկեցինք հանրապետությունը, ժողովրդին, պետականությունը եւ մեր անկախությունը: Շատերը դեռ չեն պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող էին լինել: Պետք է ամեն ինչ անել ժողովրդին չմտածված եւ սխալ քայլերից զերծ պահելու համար»:
Նա նշել է, որ գնում է, որպեսզի ավելի շատ աշխատի իր ժողովրդի համար, քանի որ դա իր կյանքի, պայքարի նպատակն է: «Քաղաքական նկրտումները չպետք է ժողովրդի շահերից վեր դասվեն»,- Կոկոյտիի խոսքերը մեջբերում է vesti.ru-ն: Նախագահն ընդգծել է, որ Հարավային Օսիայի իշխանություններին հաջողվեց հաղթել «նարնջագույն հեղափոխությանը»:
Վերջում Կոկոյտին Հարավային Օսիայի ժողովրդին համախմբվելու եւ մեծ Ռուսաստանին հավատարիմ մնալու կոչ է արել:




























