Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մեթե-Մարիտի ավագ որդին՝ Մարիուս Բորգ Հեյբին, մեկ շաբաթ կանցկացնի նախնական բանտարկության խցում։ Այսպիսի վճիռ է կայացրել դատարանն Օսլոյում։

Նշվել է, որ երիտասարդին մեղադրում են սեռական բնույթի իրավախախտման մեջ։ Սա արդեն երկրորդ նման միջադեպն է՝ կապված Մարիուս Բորգ Հեյբիի հետ, տեղեկացրել է ZDF գերմանական հեռուստաալիքը՝ Օսլոյի ոստիկանության դատախազ Անդրեաս Կրուշեւսկու խոսքերի հիման վրա։ Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է «կնոջ նկատմամբ սեռական գործողություններին, որն ի վիճակի չի եղել դիմադրել դրանց»։ Նորվեգիայի ոստիկանության կայքում տեղեկացվել է, որ գործով հետաքննությունը սկսվել է դատախազության կողմից նոյեմբերի 6-ին։

Հեյբին ձերբակալվել է մեքենայի մեջ, Օսլոյի արվարձանում, նոյեմբերի 19-ի գիշերը։ Թագաժառանգ արքայադստեր որդու նստավայրում խուզարկություն է կատարվել, տեղեկացրել է DW-ն։

NRK հեռուստառադիոընկերության մեկնաբանությունում Հեյբիի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալն անմեղ է, իսկ դատախազը ներկայացրել է իրավիճակի «աղետալիորեն ոչ ճիշտ գնահատական»։

Անցած ամիսներին Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն այլ մեղադրանքներ էլ են ներկայացվել, մասնավորապես՝ իր նախկին ընկերուհիներին մարմնական վնասվածքներ պատճառելու, գույքը փչացնելու վերաբերյալ, հիշեցրել են լրագրողները։

Մարիուս Բորգ Հեյբին Նորվեգիայի թագաժաանգ արքայադուստր Մեթե-Մարիտի եւ նրա նախորդ զուգընկերոջ որդին է։ Թագաժառանգ արքայազն Հաակոնից նա եւս երկու երեխա ունի՝ թագաժառանգ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան եւ արքայազն Սվերե Մագնուսը։ Հեյբին պատկանում է թագավորական ընտանիքին, բայց արքայազնի տիտղոս չունի եւ թագավորական տան պաշտոնական անդամ չի հանդիսանում։