Չորեքշաբթի ուշ երեկոյան Իսլանդիայի մայրաքաղաքի մոտակայքում հրաբուխ է ժայթքել, որն այս տարվա մեջ յոթերորդն է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչությունը։

Նշվում է, որ օդային տրանսպորտում կամ ենթակառուցվածքներում խափանումներ չեն եղել։ Ժայթքումը սկսվել է չորեքշաբթի տեղական ժամանակով 11:14-ին և երկու մղոնից քիչ երկարությամբ ճեղքվածք առաջացրել:

Սեյսմիկ ակտիվությունը վերահսկող Իսլանդիայի օդերևութաբանական վարչությունը գնահատում է, որ դրա ակտիվությունը զգալիորեն ցածր է, քան օգոստոսին տեղի ունեցած նախորդ ժայթքման ժամանակ։

Իսլանդիայի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ժայթքման առաջին նշանները գրանցվել են գետնին հսկայական ճեղքվածքի բացումից ընդամենը 45 րոպե առաջ, երբ մագման իր ճանապարհը երկրակեղևով է բացել:

Իշխանություններն ավելի վաղ նախազգուշացրել էին հրաբխային ակտիվության մասին, քանի որ մագմա է կուտակվել Ռեյկյանես թերակղզու ստորոտին՝ մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 20 մղոն հարավ-արևմուտք, որտեղ վերջին ժայթքումը ավարտվել է սեպտեմբերի 6-ին:

Սակայն օդերևութաբանության վարչության տվյալներով՝ վերջին շաբաթների ընթացքում սեյսմիկ ակտիվության նկատելի աճ չի գրանցվել։ Ռեյկյանես թերակղզու ժայթքումներն ուղղակիորեն չեն ազդել մայրաքաղաքի վրա և ստրատոսֆերա մոխրի զգալի արտանետում չեն առաջացրել՝ այդպիսով խուսափելով օդային տրանսպորտի խափանումներից: Ռեյկյավիկի Կեֆլավիկ օդանավակայանն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թռիչքները չեն տուժել և ոչ մի կարևոր ենթակառուցվածք վտանգված չէ, սակայն «Երկնագույն ծովածոցը»՝ շքեղ երկրաջերմային սպա հանգստավայրը, փակվել է, իսկ հյուրերը տարհանվել են, հայտնում է RUV-ն: