Հարավային Կովկասում մշտական խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ, ըստ թուրքական Anadolu գործակալության՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Անկասկած, այս կետին հասնելու հիմքն այն է, որ եղբայրական Ադրբեջանը դադարեցրել է իր հողերի օկուպացիան Ղարաբաղում։ Մենք օրինակելի մակարդակով շարունակում ենք մեր երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ձգտում ենք համատեղ լուծումներ գտնել միջազգային բազմաթիվ խնդիրների համար։ Պատերազմից հետո Հայաստանը որոշեց օգտագործել իր նախապատվությունը խաղաղության և կայունության համար։ Ուրախալի է, որ դա շարունակվում է: Ե՛վ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,-ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հավելել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ կողմերը տևական ժամանակից հետո առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, և ընդգծել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ իրենք իրականացնում են Հայաստանի հետ, Հարավային Կովկասի համատեքստում ևս կարևոր է:
«Նշելով, որ Թուրքիայի կառուցողական կամքն է աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, Ֆիդանը բացատրել է, որ հոկտեմբերին Ստամբուլում անցկացված 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպմանը կառուցողական ըմբռնումով քննարկել են տարածաշրջանին առնչվող բոլոր հարցերը»,- գրում է Anadolu-ն։





























