Նյույորքցի տղամարդը, որը սոցիալական ցանցերում սպառնացել էր «գնդադկոծել սինագոգը», դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ծրագրված ահաբեկչության շրջանակում հրազեն պահելու համար, հայտնում է Associated Press-ը։

Քրիստոֆեր Բրաունը՝ Լոնգ Այլենդի Ակվա Բոուգից, 2022 թվականի նոյեմբերին ձերբակալվել է Մանհեթենի Փենսիլվանյան կայարանում, երբ իշխանություններին ահազանգել են Twitter-ում նրա մի շարք սպառնալից գրառումների մասին:

«Ես մտադիր եմ քահանային հարցնել՝ արժե՞, որ ամուսնանամ, թե՞ սինագոգում կրակ բացեմ ու մեռնեմ»,- Twitter-ում գրել էր նա։

Ոստիկանությունը հայտնել է, որ Բրաունը ունեցել է ռազմական ոճի մեծ դանակ, դահուկի դիմակ և թևակապի սվաստիկա, երբ նրան մեկ այլ տղամարդու՝ Մեթյու Մահրերի հետ միասին ձերբակալել են երկաթուղային կայարանում:

Ոստիկանության տվյալներով՝ ավելի ուշ Մահրերի տնից առգրավվել է պայուսակ, որում եղել է «Գլոք» տեսակի ատրճանակ՝ մեծ տարողունակություն պահունակով և 17 փամփուշտ։

Ըստ նրա դեմ առաջադրված քրեական բողոքի՝ Բրաունը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Twitter-ում ղեկավարել է սպիտակամորթների գերակայության խմբավորումը, և Մահրերը նրա հետևորդներից է։

«Ես տանը նացիստական ​​ատրիբուտիկա ունեմ։ Կարծում եմ՝ դա իսկապես ընտիր է»,- ոստիկանությանն ասել է Բրաունը:

Այն ժամանակ իշխանությունները հայտարարել են, որ Բրաունին դիտարկում էին որպես լուրջ սպառնալիք՝ հաշվի առնելով ատելության հողի վրա հարձակումները, մասնավորապես՝ 2022 թվականի մայիսին հրաձգությունը Բուֆալո սուպերմարկետում: Չորեքշաբթի 23-ամյա Բրաունը դատապարտվել է, երբ իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի զենք պահելու մեջ՝ որպես ահաբեկչական ոճրագործության գործիք: