Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի ռազմածովային ուժերի սպառազինության տակ կանցնեն տեղական նախագծման և արտադրության մի շարք նոր սուզանավեր, հաղորդում է Mehr-ը։

Իրանի ռազմածովային ստորաբաժանումները մեծ ջանքեր են գործադրում միջազգային ջրերում իրենց ներկայությունը պահպանելու համար: Ուստի, նավերի արդիականացման և օվկիանոսներում լողացող բազաների ամրապնդման ծրագրեր են մշակվել՝ բոլոր ոլորտներում կարիքները բավարարելու համար, ասել է նա:

Դերծովակալը նաև հայտնել է, որ Իրանի ռազմածովային ուժերը ներկայումս արտադրում են մի քանի նոր սուզանավեր, որոնք շուտով շահագործման կհանձնվեն։

Նա նաև բարձր է գնահատել Իրանի ռազմածովային ուժերի հրթիռային հզորությունը՝ հայտարարելով, որ ՌԾՈՒ-ն հրթիռների լայն տեսականի է արտադրում և ավելի քան 1000 կիլոմետր հեռահարության զենք ունի: «Իրանի ՌԾՈՒ-ն մեծացրել է իր հնարավորությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում»,- նշել է դերծովակալը։

Իրանին ընդգծել է, որ երկրի ռազմածովային ուժերը սկսել են Mowj-ից  ավելի ծանր դասի նավեր կառուցել՝ ասելով, որ ներկայումս արտադրվում է երկու այդպիսի ռազմանավ։

Նախատեսվում է նաև ծովում արտակարգ իրավիճակների արձագանքման միջազգային զորավարժություններ, ինչպես նաև համակցված ռազմածովային զորավարժություններ անցկացնել մինչև իրանական ընթացիկ օրացույցի վերջը, որն ավարտվում է մարտի 20-ին, հավելել է Իրանին։