Շաբաթ օրը ԱՄՆ Կոլորադո նահանգում, ուսումնական առաքելություն կատարելիս, կործնվել է քաղաքացիական օդային պարեկության Cessna 182 ինքնաթիռը․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Դենվերից մոտ 80 մղոն դեպի հյուսիս գտնվող Սթորմ լեռան վրա ինքնաթիռի կործանման լուրը ստացվել է շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում, ասվում է Լարիմեր շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:

 Նահանգապետ Ջարեդ Պոլիսը հայտնել է, որ զոհվածները եղել են օդաչու Սյուզան Վոլբերը և  լուսանկարիչ Ջեյ Ռոտենը: Երկրորդ օդաչուն վիրավորվել է։

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Կոլորադոյի բանակի ազգային գվարդիայի ինքնաթիռով, հայտնել է Պոլիսը: Լարիմեր շրջանի շերիֆի գրասենյակը նշել է, որ երկրորդ օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել:

Լարիմեր շրջանի որոնողական և փրկարարական ծառայությունը նույնպես արձագանքել է միջադեպին և, ամենայն հավանականությամբ, դեպքի վայրում մի քանի օր կանցկացնի՝ ղեկավարելով վերականգնողական աշխատանքները, հայտնել են շերիֆի գրասենյակից: Վերականգնումը որոշ ժամանակ կպահանջի, քանի որ շրջանը հեռավոր է և դժվարանցանելի, ասվում է հաղորդման մեջ:

Ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննություն է անցկացվելու։