Կիրակի օրը լիբանանյան «Հեզբոլլահը» առնվազն 185 հրթիռ և այլ արկեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ վիրավորելով յոթ մարդու վերջին օրերի ամենահզոր ռմբակոծության արդյունքում՝ ի պատասխան Բեյրութի վրա Իսրայելի մահաբեր հարվածների, հաղորդում է Associated Press-ը:
Իսրայելական բանակը հայտնել է, որ կիրակի օրը արձակված արկերից մի քանիսը որսացել են:
Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» փրկարար ծառայությունը հայտնել է, որ բուժօգնություն է ցուցաբերել յոթ մարդու, այդ թվում՝ 60-ամյա մի տղամարդու, որը վիրավորվել է Իսրայելի հյուսիսում հրթիռակոծությունից, 23-ամյա մի տղամարդու, որը թեթև վիրավորում է ստացել Փեթահ Տիկվա քաղաքի կենտրոնում պայթյունի հետևանքով և 70-ամյա մի կնոջ, որը տուժել է Իսրայելի հյուսիսում հրթիռակոծությունից բռնկված ավտոմեքենայի ծուխը շնչելուց:
Հայֆայում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, որը, ըստ ոստիկանության, փլուզման վտանգի տակ է։



























