Պեր- եւ պոլիֆտորալկալիական միացությունները (ՊՖԱՄ) կամ «հավերժական քիմիկատները», որոնք կարող են կուտակվել օրգանիզմում, նախկինում անհնար էր վերամշակել ուժեղ ազդեցությամբ քիմիական նյութերի պատճառով։ Չինացի հետազոտողները կարողացել են տրոհել ՊՖԱՄ-ը կատալիզատորի եւ ուլտրամանուշակագույն լամպի օգնությամբ։

«Հավերժական քիմիկատներ» են անվանում մոտ 14 հազար ֆտորօրգանական նյութեր, նշել է Naked Science-ը։ Դրանք աղտոտում են շրջակա միջավայրը եւ կուտակվում օրգանիզմում, հանգեցնում հորմոնալ խախտումների, շաքարային դիաբետի, ճարպակալման, ինչպես նաեւ բարձրացնում են քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը։

ՊՖԱՄ-ը կիրառվում է, օրինակ տեֆլոնի արտադրությունում, որն օգտագործվում է էլեկտրոնիկայի եւ սպասքի արտադրության մեջ։

Չինաստանի Գիտատեխնիկական համալսարանի եւ Նանկինի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները կիրառել են կատալիզատոր, որն ակտիվանում է լույսով եւ քայքայել ածխածին-ֆտորի կապերը, որոնք ապահովում են «հավերժական քիմիկատների» կայունությունը։ Մեթոդը նկարագրված է Nature ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Գիտնականների խոսքով՝ նոր մոտեցումը, երբ ածխածին-ֆտորի կապերը քայքայվում են 40-60°C-ի պայմաններում, կարելի է համարել հիմնարար ձեռքբերում օրգանական սինթեզում։

«Մենք պետք է այս տեխնոլոգիան ավելի գործնական դարձնենք, որպեսզի այն կարելի լինի օգտագործել ջրում կամ ընդերքում, որտեղ հայտնաբերվում է ՊՖԱՄ-ը։ Կարեւոր է, որպեսզի քիմիան օգտակար լինի այդ պայմաններում»,- նշել են հոդվածի հեղինակները։