ՄԱԿ-ի քսանիններորդ համաժողովը գրեթե ավարտվեց լիակատար ձախողմամբ. հատկացված երկու շաբաթը բավարար չեղավ համաձայնության հասնելու համար, և գրեթե 200 երկրների պատվիրակներ ևս երկու օր և երկու գիշեր անցկացրին բանակցությունների սենյակներում, որտեղից նրանք դուրս եկան ուժասպառ և զայրացած: Արդյունքում կիրակի գիշերը փոխզիջում է գտնվել, սակայն գրեթե բոլորը դժգոհ են մնացել, գրում է BBC-ն։

Զարգացած տերությունները խոստացել են մինչև 2035 թվականը եռապատկել աղքատ երկրներին փոխհատուցումը մինչև 300 միլիարդ դոլար, սակայն քչերն են այդ գումարից խանդավառվել:

Արևմտյան քաղաքական գործիչների համար կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ծախսերի աճը խոստանում է ընտրական խնդիրներ տանը, քանի որ վերջին տարիներին տնային տնտեսությունների եկամուտներն ու գանձապետարանը խարխլվել են հետքովիդային գնաճի, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամի և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման արդյունքում: ԱՄՆ-ում կլիմայական նիհիլիստ Դոնալդ Թրամփի հաղթանակը «կանաչ» օրակարգի նկատմամբ արևմտյան ընտրողների վերաբերմունքի վառ օրինակ է։

Զարգացող երկրները դժգոհ են նաև 300 միլիարդի չափից։ Նախ, նրանք տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար էին ակնկալում: Եվ երկրորդ՝ Արևմուտքը գրեթե մեկ տասնամյակ ուշացումով կատարեց տարեկան 100 միլիարդ հատկացնելու իր նախկին խոստումները, և այս անգամ կասկածներ կան, որ զարգացած երկրները ժամանակին և լիովին վճարելու փող կճարեն։

«Ոչ մի երկիր չստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, և մենք Բաքվից հեռանում ենք լիքը անելիքներով»,- համաժողովն ամփոփել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը: «Հիմա հաղթանակի ռազմազեկույցների ժամանակը չէ, մենք պետք է թևերը քշտենք և COP30-ի համար կրկնապատկենք մեր ջանքերը»:

2015 թվականին Փարիզում COP21-ի համանման համաժողովում ստորագրվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղենիշային համաձայնագիր: Այդ ժամանակ աշխարհի բոլոր երկրները համաձայնեցին նվազեցնել արտանետումները և որոշեցին, որ զարգացած երկրները կվճարեն զարգացող երկրներին մաքուր ապագայի անցնելու համար, քանի որ հենց նրանք են հարստացել արդյունաբերական հեղափոխության ժամանակ, որի պատճառով գլոբալ տաքացումն արագացել է։

Իսկ թե կոնկրետ որքան վճարել պետք է որոշվեր մեկ տասնամյակի ընթացքում՝ մինչև 2025 թվականը։ Ուստի փոխհատուցման հարցը դարձավ Ադրբեջանում անցկացված COP29 համաժողովի գլխավոր խնդիրը։

Առ այսօր զարգացած երկրները տարեկան 100 միլիարդ դոլարի «կլիմայական փոխհատուցում» են խոստացել: Զարգացող երկրները տարեկան մինչև 1,3 տրիլիոն դոլար էին պահանջում:

Ուրբաթ ՝ երկշաբաթյա համաժողովի վերջին օրը, ամփոփիչ կոմյունիկեի նախագիծը թվի փոխարեն «X» էր նշված։ Այնուհետև հայտնվեց 250 միլիարդ ԱՄՆ դոլար գումար։ Երկու օր անց հավելյալ վիճաբանություններից հետո այդ գումարն աճեց՝ հասնելով 300 միլիարդ դոլարի:

Ոչ պակաս վիճելի էին ապագա գործարքի մանրամասները, մասնավորապես՝ որ միջոցներից են հատկացվելու գումարները և զարգացող որ երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալը։

Զարգացող երկրների կատեգորիայի թվին է դասվում նաև Չինաստանը՝ ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տնտեսություն ունեցող պետությունը, և հարուստ նավթային տերությունը՝ Սաուդյան Արաբիան: Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրները դա անարդար են համարում:

Երկրորդ հարցն այն է, թե կոնկրետ ով է տրամադրելու այդ գումարը։ Զարգացած երկրների իշխանությունները բանակցում են փոխհատուցման շուրջ: Սակայն այս գումարը դեռ չի ներառվել բյուջեներում, և քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն ակնկալում են, որ Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում «կանաչ» վերակառուցման ֆինանսավորման մի մասը կտրամադրեն բանակցություններին չմասնակցած արևմտյան բանկերն ու ընկերությունների մասնավոր կապիտալը։

Դա ամենևին էլ  աղքատ երկրների իրավապաշտպանների, մասնավորապես՝ Asian Peoples' Movement on Debt and Development-ի (APMDD) սրտով չէ:

«Բոլորովին անհասկանալի է, որ հարուստ երկրների իշխանությունները համարձակվում են իրենց անվանել «կլիմայի փոփոխության դեմ պայքարի չեմպիոններ», բայց միևնույն ժամանակ հրաժարվում են հստակ նշել, թե որքան գումար են հատկացնելու պետական ​​բյուջեից, ոչ թե որպես վարկ, այլ որպես դրամաշնորհներ»,- Բաքվում համաժողովի վերջին օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է APMDD-ի համակարգող Լիդի Նաքպիլը:

ՄԱԿ-ի կլիմայի երրորդ անընդմեջ համաժողովն անցկացվում է մի երկրում, որն ապավինում է նավթի և գազի արդյունահանմանը: Եգիպտոսում COP27-ից հետո անցած տարվա համաժողովը հյուրընկալել էր Դուբայը՝ ԱՄԷ-ում։ Իսկ այս անգամ՝ Ադրբեջանը։

Եվ ամեն անգամ, նավթի և գազի արդյունաբերության լոբբիստների ձայնն ավելի բարձր է հնչում, քան ջերմոցային գազերի հիմնական աղբյուր հանածո վառելիքի հակառակորդների խմբերգը:

COP29-ը հյուրընկալած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակիցներին հայտնել է, որ նավթն ու գազը «Աստծո պարգևն են»:

Նման ղեկավարության ներքո ոչ ոք հույս չուներ, թե նավթային տերություններին հնրավոր կլինի համոզել, որ համաժողովից առաջ ընդունված կոմյունիկեի մեջ ներառեն հանածո վառելիքը աստիճանաբար դադարեցնելու խոստումը:  

Ավելին, մոլորակի գլխավոր նավթային տերությունը՝ ԱՄՆ-ը, նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով խոստանում է Փարիզի համաձայնագրով մեկնարկած Երկրի կանաչապատման գործընթացի գլխավոր հակառակորդը դառնալ։

Թրամփն իր առաջին ժամկետում ԱՄՆ-ը դուրս բերեց Փարիզի համաձայնագրից, սակայն հետո ընթացակարգը ձգձգվեց, և ԱՄՆ-ը դուրս մնաց կլիմայի փոփոխության դեմ պայքարից ընդամենը մեկ տարով։ Ջո Բայդենն այդ ամենը վերադրաձրեց Սպիտակ տուն մտնելու առաջին իսկ օրը:

Հիմա ամեն ինչ տեղի կունենա մեկ տարի անց, և Թրամփը պատրաստ է ավելի հեռուն գնալ և հրաժարվել ոչ միայն Փարիզի պայմանագրից, այլև դատապարտել ամբողջ աշխարհի կլիմայական օրակարգի հիմնարար փաստաթուղթը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան։

Փաստացի դա ԱՄՆ-ին կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում խաղից դուրս վիճակի կբերի, իսկ կլիմայական գլոբալ հանրություն վերադառնալու համար ապագա նախագահի գրչի հարվածը բավարար չի լինի՝ Կոնգրեսում նոր վավերացում է պահանջվելու։

Արդյունքում նավթային երկրները առավելություն ձեռք բերեցին, և COP29 կլիմայական կոնֆերանսի կոմյունիկեն առհասարակ արտանետումների և կլիմայի փոփոխության հիմնական աղբյուրը՝ հանածո վառելանյութերը չի հիշատակում:

Միայն ասվում է, թե բոլոր 197 երկրները հաստատում են վերջին COP28-ում ընդունված որոշումները։ Այն ժամանակ Դուբայում առաջին անգամ հնարավոր եղավ վերջնական փաստաթղթում ներառել նավթի, ածխի և այլ ածխաջրածինների «դերի աստիճանական նվազման» մասին արտահայտությունը՝ ի ուրախություն որոշ ակտիվիստների և ի դժբախտություն «աստիճանական մերժման» խիստ ձևակերպումը տեսնել ցանկացողների։ Նավթով հարուստ Բաքվում անցկացված համաժողովն էլ ավելի հիասթափեցրեց հանածո վառելիքի հակառակորդներին:

Մինչդեռ աշխարհում հակառակ հողմային և արևային էներգիայի հզորությունների ռեկորդային շահագործմանը, նավթի և գազի սպառումը համաշխարհային տնտեսության և աշխարհի բնակչության աճի հաշվին մեծանում է։ Արդյունքում, արտանետումները ևս աճում են։

Մոլորակի գլոբալ տաքացումը շարունակում է իր սև գործը։

2015 թվականին Փարիզում աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնեցին այս դարում մինչև նախաարդյունաբերական մակարդակը 2 աստիճան ըստ Ցելսիուսի սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի աճը, իսկ ավելի կատարյալ կլիներ, եթե տաքացումը չգետազանցեր 1,5 ասիիճանն ըստ Ցելսիուսի:

Դրանից հետո անցած տասնամյակը դիտարկումների պատմության մեջ ամենաշոգն էր և շեմն ըստ Ցելսիուսի իջավ 1,5 ասիիճանով։

«2024 թվականը գրեթե անկասկած կլինի ռեկորդային ամենաշոգ տարին և առաջին տարին, որտեղ ջերմաստիճանը կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը ըստ Ցելսիուսի ավելի քան  1,5 աստիճանով», - համաժողովից առաջ նշել էր կլիմայական Copernicus եվրոպական ծառայության ղեկավարի տեղակալ Սամանտա Բերջեսը: «Գլոբալ ջերմաստիճանի ռեկորդներում նոր հանգրվան է գրանցվել, և դա պետք է ծառայի որպես կլիմայի փոփոխության COP29 համաժողովի հավակնությունների կատալիզատոր»,-նշել էր նա:

Նրա հույսերը չարդարացան։

Ինչպես ասում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարի առաջատարներից մեկը՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը, «COP29-ը խուսափեց ձախողումից, բայց հեռու է հաջող լինելուց»։ Ձեռք բերված համաձայնությունը «բացարձակ նվազագույնն է»,-հայտարարել էր նա:

«Ներկայիս առաջնորդները խուսափում են պատասխանատվությունից և նախընտրում են իրենց լիազորություններից շատ հեռու երկարաժամկետ նպատակներ դնել: Մենք պետք է որոշումներ ընդունենք, թե ինչ ենք անելու առաջիկա ամիսներին ու տարիներին, ոչ թե տասնամյակից կամ քառորդ դարից»,-եզրափակել էր Ալբերտ Գոռը: