Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը ուսումնասիրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարումների ծավալն ավելացնել՝ հասցնելով մինչև 20 միլիոն տոննայի, հայտնել է գերատեսչության ղեկավար Ալմասադամ Սատկալիևը, գրում է ղազախական Власть պորտալը։
«2024 թվականի համար նախատեսվում է ղազախական նավթի մատակարարում Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով 1,5 միլիոն տոննա ծավալով։ Ուսումնասիրվում են տարեկան մինչև 20 միլիոն տոննա ծավալով այս ճանապարհով մատակարարումների ավելացման հեռանկարները»,-նշել է Սատկալիևը։
Նախարարն ընդգծել է, որ նշված ուղղությունը ներկայում ամենահեռանկարայիններից է, քանի որ և՛ Ղազախստանը, և՛ Ադրբեջանը «շահագրգռված են այս ուղղությամբ ղազախական նավթի մատակարարումների ծավալների զարգացմամբ և համակարգված աճով»։
Անդարդառնալով ղազախական նավթի փոխադրման թեմային՝ Սատկալիևը հիշեցրել է, որ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը դեռևս ամենահուսալի և արդյունավետ երթուղին է։ Ծրագրի զարգացման բոլոր փուլերի ներդրումային ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 8,4 միլիարդ դոլար։
«Այսօր տեխնիկապես հնարավոր է պոմպային ծավալները տարեկան 67 տոննայից հասցնել 81,5 միլիոն տոննայի, ներառյալ՝ Ղազախստանի հատվածի համար՝ տարեկան 53,7 տոննայից մինչև 72,5 միլիոն տոննա։ 2024 թվականի համար ակնկալվող արտահանման կանխատեսումը՝ 88,4 միլիոն տոննա նավթի արդյունահանմամբ, թերևս կկազմի շուրջ 68,8 միլիոն տոննա»,-նշել է նախարարը։
Այսպես, 2024 թվականին Ղազախստանը մտադիր է Կասպյան խողովակաշարի կոնսորցիումով արտահանել 55,4 միլիոն տոննա նավթ, Ատիրաու-Սամարայով՝ 8,6 միլիոն տոննա, Չինաստան՝ 1,1 միլիոն տոննա, Ակտաու նավահանգստով՝ 3,6 միլիոն տոննա, երկաթուղով՝ 0,05 միլիոն տոննա։ Իսկ ռուսական նավթի տարանցումը Չինաստան կկազմի 10 միլիոն տոննա, Ուզբեկստան՝ 200 հազար տոննա։
Ըստ Սատկալիևի՝ դիտարկվում են նաև Բաքու-Սուփսա նավթամուղի հնարավորությունները, որի թողունակությունը տարեկան 5 միլիոն տոննա է, մատակարարման հնարավոր ծավալները՝ տարեկան մինչև 3 միլիոն տոննա։ Ինչպես ընդգծել է էներգետիկայի նախարարության ղեկավարը, այս երթուղու օգտագործումը «մշակման և քննարկման փուլում է»։
Բացի դրանից, երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում է Էսկենե-Կուրիկ նավթամուղի կառուցման հարցը, որի տեխնիկական հզորությունը գնահատվում է տարեկան մոտ 20-30 միլիոն տոննա։




























