Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ փորձելով չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները, որպեսզի կարողանա շարունակել վճարել Գազպրոմբանկին ռուսական բնական գազի ներկրման համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական իշխանություններին։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը ռուսական Գազպրոմբանկի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել։
Թուրքիան ներկրում է իրեն անհրաժեշտ գրեթե ամբողջ գազը, իսկ հիմնական մատակարարը Ռուսաստանն է, որն ապահովում է իր խողովակաշարային ներմուծման ավելի քան 50%-ը, շեշտում են լրատվամիջոցները։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը վկայակոչել է նախկինում Անկարային տրված բացառությունը, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ՝ հայտարարելով, որ Թուրքիան նման բանի կարիք ունի, երբ խոսքը վերաբերում է Գազպրոմբանկին, որպեսզի ապահովվի մատակարարումները:
«Այդ պատժամիջոցները կանդրադառնան Թուրքիայի վրա։ Մենք չենք կարող վճարել, իսկ եթե չկարողանանք վճարել, չենք կարող գնել ապրանքը։ Արտաքին գործերի նախարարությունը բանակցություններ է վարում»,- լրագրողներին ասել է Բայրաքթարը։
Իր հերթին, մեկ այլ թուրք պաշտոնյա հայտնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին, առևտրի և ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև կենտրոնական բանկերի ներկայացուցիչները երկուշաբթի հանդիպել են՝ քննարկելու համար ԱՄՆ գործողությունները և երկկողմ էներգետիկ առևտրի վրա դրանց ազդեցությունը։
«Մենք ռուսական պատվիրակության հետ քննարկել ենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի Թուրքիան պատժամիջոցների չկիրառվի այդ գործընթացի ժամանակ»,-ասել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ Թուրքիան բանակցություններ է սկսել իր ամերիկացի գործընկերների հետ դեռևս Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցների կիրառումից առաջ, քանի որ Վաշինգտոնը սովորաբար նախ հայտարարում է միջոցների մասին, ապա ներկայացնում արտոնությունները։
«Նրանք աշխատում են այդ հարցով»,-նշել է նա։





























