Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցները, որոնք ձգտում են նրան ազատ արձակել, երեքշաբթի ճեղքել են մայրաքաղաք Իսլամաբադը շրջափակած բեռնարկղերի օղակը և բախվել անվտանգության ուժերի հետ՝ չնայած կառավարության՝ պատասխան  կրակ բացելու սպառնալիքներին, հաղորդում է Associated Press-ը:

Բախումների հետևանքով վեց մարդ է զոհվել։ Անվտանգության ուժեր հազարավոր աշխատակիցներ ժամանել են կենտրոնական Իսլամաբադ՝ փորձելով ճնշել խանամետ ցույցերը, որոնք կիրակի օրվանից գրավել են մայրաքաղաքն ու նրա շրջակայքը:

Պակիստանի բանակը երեքշաբթի վերահսկողություն է հաստատել Իսլամաբադի կենտրոնի Կարմիր գոտու մեծ հրապարակում, որտեղ տեղակայված են առանցքային կառավարական շենքերը և որտեղ կանգ է առել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Գործի են դրվել նաև կիսառազմական ռեյնջերներ և ոստիկաններ, որոնցից մի քանիսը նախազգուշական կրակոցներ են արձակել օդ: Սակայն բողոքի ցույցերը գլխավորող Խանի կինը՝ Բուշրա Բիբին դանդաղ շարժվել է դեպի հրապարակ՝ խստորեն պահպանվող ավտոշարասյան ուղեկցությամբ, որը շրջապատված էր բարյացակամ մարդկանցով։ Ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին սպառնացել է, որ անվտանգության ուժերը կպատասխանեն մարտական կրակով, եթե ցուցարարներն իրենց ուղղությամբ կրակ բացեն։

Հանրաճանաչ քաղաքական գործիչը մեկ տարուց ավելի է, ինչ բանտում է և բախվում է ավելի քան 150 քրեական գործի, որոնք նրա կուսակցության կարծիքով քաղաքական դրդապատճառներ ունեն: Իշխանություններն ասում են, որ միայն դատարանները կարող են որոշում ընդունել 2022 թվականին խորհրդարանի անվստահության քվեից հետո իշխանությունից հեռացված Խանի ազատ արձակման վերաբերյալ: Նա 2023 թվականի օգոստոսին կաշառակերության գործով առաջին անգամ դատապարտվելուց հետո բանտում է։