Ադրբեջանի և Եվրոպայի միջև աճող էներգետիկ կապերը կոչված են վերջ դնելու ԵՄ կախվածությանը Մոսկվայից, գրում է Politico-ն։

Եվրամիությունը շարունակում է վստահ լինել, որ COP29-ի հյուրընկալող Ադրբեջանի հետ մի շարք էներգետիկ գործարքներ մայրցամաք ավելի շատ ռուսական գազի հոսքի համար սողանցք չեն ստեղծում, հայտարարել են Եվրահանձնաժողովում:

«ԵՄ շուկաները մատակարարող Հարավային գազային միջանցքը կապված է միայն ադրբեջանական գազի հանքավայրերի, այլ ոչ ավելի լայն ադրբեջանական գազային համակարգի հետ»,-նշել է Հանձնաժողովի էներգետիկ հարցերով խոսնակ Թիմ Մաքֆայը։

«Ուստի Հարավային գազային միջանցքը ռուսական գազը չի փոխադրում ԵՄ»,- հավատացրել է նա։

Ռուսաստանից կախվածությունը դադարեցնելու ԵՄ ջանքերի շրջանակում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2022 թվականին համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նպատակ ունենալով մինչև 2027 թվականը կրկնապատկել բլոկի ներմուծումը հարավկովկասյան երկրից։

Այդ ժամանակից ի վեր ռուսական «Գազպրոմը» և Ադրբեջանի պետական ​​էներգետիկ հսկան՝ SOCAR-ը միաժամանակ երկու ընկերությունների միջև «ռազմավարական գործընկերության ընդլայնման» և հարևան երկրների միջև տրանսպորտային միջանցքի ամրապնդման համար մի շարք համաձայնագրեր են կնքել:

Հունիսին Chatham House-ը պնդում էր, որ «ռուսական գազը լվացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ բավարարելու համար շարունակական բարձր եվրոպական կարիքները»: Նախագահ Ալիևն ավելի վաղ քննադատել էր այն պնդումները, թե Ադրբեջանը ռուսական գազ է վերաարտահանում դեպի ԵՄ՝ դրանք «կեղծ լուրեր» որակելով։

Հանձնաժողովը չի բացառել այն մտավախությունները, որ Ադրբեջանը կփոխհատուցի իր գազի արտահանումը ԵՄ՝ ներմուծելով ավելի շատ ռուսական գազ՝ ներքին պահանջարկը բավարարելու համար, ինչը, ենթադրաբար դեռևս օգուտ կբերի Մոսկվային:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ ամբողջ գազատարի շուրջ 7%-ը ներկրվել է Ադրբեջանից, իսկ այս տարի երկիրը Եվրոպա է վաճառել մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ըստ Թիմ Մաքֆայի՝ «մեր ունեցած տեղեկություններով Ադրբեջանը վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանից ներքին սպառման համար տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է ներկրել»:

Նա հավելել է, որ պատկերը «բավականին պարզ է», բայց «միշտ անհրաժեշտ է հիշել, որ գազի առանձին մոլեկուլներին չես կարող հետևել»:

Թեև պաշտոնական տվյալները մանրամասներ չեն պարունակում, սակայն 2022 թվականի վերջի նախնական պայմանագիրը ցույց է տվել, որ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը Ռուսաստանից Ադրբեջան միլիարդ խորանարդ մետր գազ կհասցվի։

Եվրախորհրդարանի հոկտեմբերին ընդունված բանաձևը Հանձնաժողովին կոչ էր անում վերանայել իր էներգետիկ կապերը Բաքվի հետ՝ «մարդու իրավունքների շարունակական ոտնահարման և այն մտավախությունների պատճառով, որ Ադրբեջանից Եվրամիություն գազի ներմուծման ավելացումը կարող է փոխհատուցվել Բաքվի կողմից ռուսական գազի ներկրմամբ»: