Արիզոնայից մի տղամարդ է ձերբակալվել երկուշաբթի, երբ նա, ըստ դատարանի փաստաթղթերի, Facebook-ի մի շարք տեսանյութերում սպառնացել է սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Տեսանյութերից մեկում Թրամփի հետ հաշվեհարդար սպառնացող տղամարդու ձեռքին, ըստ երևույթին, AR-15 հրացան է, հայտնում է CNN-ը:
Նորընտիր նախագահի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Մանուել Տամայո-Տորեսին մեղադրանք է առաջադրվել: Միևնույն ժամանակ, դատական փաստաթղթերում Թրամփի անունն ուղղակիորեն չի նշվում, նա որպես «թիվ 1 ֆիզիկական անձ» է հիշատակվում:
Դատական փաստաթղթերում նշվում է «թիվ 1 ֆիզիկական անձը» նույնականացվում է իբրև հասարակական գործիչ, նախկին նախագահ և ներկայիս ընտրված նախագահ: Ըստ դատարանի փաստաթղթերի, Տամայո Տորեսը անցած հինգշաբթի Facebook-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է. «Դու կմեռնես: Տղադ էլ կմեռնի: Ամբողջ ընտանիքը կմեռնի: Դա հիմա իրականություն է ձեզ համար: Դա միակ իրականությունն է, որ ունես ապագայում՝ մեռնող»։
Այս ամսվա սկզբին թողարկված մեկ այլ տեսանյութում Տամայո Տորեսը սպառնացել է կրակել Թրամփի վրա և ձեռքին պահել է «սպիտակ AR 15 հրացանի նման մի բան՝ 30 պարկուճանոց պահունակով», նշվում է դատական փաստաթղթերում։
Օգոստոսի 23-ին Տամայո-Տորեսը տեսանյութ է հրապարակել Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքի Desert Diamond Arena-ից, որտեղ Թրամփը կեսօրվա հանրահավաք էր անցկացնում։ Հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ կստեղծի անկախ հանձնաժողով՝ սպանության փորձը հետաքննելու համար՝ վկայակոչելով հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր մահափորձը։ Փաստաթղթերի համաձայն, Տամայո Տորեսը մեղադրվում է նաև դաշնային ձևաթղթերում կեղծ հայտարարություններ անելու մեջ՝ անցյալ տարի Ֆենիքսում ատրճանակ գնելու փորձ անելիս:



























