Կառավարությունն իր այսօրվ՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին՝ 6 տարի ժամկետով:

Մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդուարդ Հակոբյանը:

Վարչապետ Նիօկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եւ Պողոսյանը, եւ Հակոբյանն իրենց համար նոր մարդիկ չեն։

«Ե՛վ պարոն Պողոսյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը, աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է ֆինանսների նախարարությունում»,- ասաց Փաշինյանը և շնորհավորեց ընտրված պաշտոնյաներին:

Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար և նշեց. «Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման ու քրեական արդարադատության ոլորտում հասարակության  սպասելիքների արդարացման գործում»:

Նա ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ ու նպաստելու է հասարակության շրջանում արդարության ու արդարադատության զգացողության ամրապնդմանը։

Էդուարդ Հակոբյանն իր հերթին անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման պատասխանատու ու Հայաստանի զարգացման  համար առանցքային նշանակություն ունեցող այդ պաշտոնում իրեն նշանակելու համար։

«Ինձ համար շատ մեծ պատիվ է, պատրաստ եմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա  ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները»,- ասաց նա։

ՊԵԿ նորանշանակ նախագահը նշեց, որ իրենց թիրախում ունենալու են ստվերի շարունակական նվազումը, կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական ու ծանրակշիռ պայքարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով» հրաժարական էր տվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: