Իրանը մտադիր է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի նմանությամբ սեփական սարքերի արտադրություն հիմնել: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, հաղորդել է ԻԻՀ խորհրդարանի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Փարվիզ Սորուրին:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ մասնագետները կրկնօրինակում են իրենց տրամադրության տակ հայտնված ամերիկյան թռչող սարքը: Նա նշել է, որ մասնագետներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ ապակոդավորել սարքը, իսկ հաջորդ փուլում կսկսվի դրա վերարտադրությունը, ինչից հետո Իրանում սերիական արտադրություն կհիմնվի: Միեւնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ իրանական կրկնօրինակը կգերազանցի ամերիկյանին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեկտեմբեի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաչու սարք են խփել, որը խախտել է իրանական սահմանը: Սկզբում ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հրաժարվել է թռչող սարքից, այնուհետեւ ենթադրություններ են հնչել, որ այն Աֆղանստանում «կորցրել են» ISAF-ի ուժերը:
Ավելի ուշ տեղեկատվություն էր տարածվել, որ իրանցի զինվորականների կողմից խփված հետախուզական անտեսանելի ինքնաթիռը օգտագործվել է ԿՀՎ-ի կողմից`իրանական միջուկային օբյեկտների, ինչպես նաեւ «Հըզբոլլահ»-ի գրոհայինների նախապատրաստական ճամբարի գրոհայինների մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով:
Եվս մի քանի օր անց Press-TV հեռուստաալիքը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի` իրանական հակաօդային պաշտպանության զորքերը ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու սարքը խփել էին կիբերհարձակման օգնությամբ:




























