Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի ղեկավարները մի օր գլուխ կխոնարհեն Ծիծեռնակաբերդում, դիվանագիտական էթիկայի սահմանները խախտող պատասխան է տվել Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը։
Թուրք նախարարը չի անդրադարձել Հայոց ցեղասպանության հետ կապված խնդրին, փոխարենը քաղաքական գործչին ոչ վայել ձեւով դիմել է Հայաստանի նախագահին՝ ցուցաբերելով անվայելուչ վարք։ Թուրքիայի արեւելյան հատվածներում ապրող քրդերին աղքատության մեջ պահող երկրի նախարարն իրեն իրավունք է վերապահել խոսել Հայաստանի սոցիալական «վատ» պայմաններից։
Էգեմեն Բաղըշը Սերժ Սարգսյանին «դու»-ով է դիմել եւ իրեն վիճակագրի տեղ դնելով, նշել ծանր պայմաններից ելնելով Հայաստանից հեռացածների թիվը, մոռանալով, որ թուրքական մամուլում եղած տվյալների համաձայն, թուրքական իշխանությունների անգործության հետեւանքով Վանի երկրաշարժից 1 ամիս անց միայն 2 օրում 70 հազար քաղաքացի էր դիմել՝ իր քաղաքից հեռանալու համար:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մարսելի քաղաքապետարանում ասել էր. «Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպականին հարիր լինելու ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: «Ավելի լավ է՝ վաղ: Բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը արեց հանուն գերմանացի ժողովրդի»։
Արթուր Հակոբյան




























