Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բոլոր 43 անձինք բերման են ենթարկվել «ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»։
«Ակցիայի ընթացքում ցուցարարներից ոմանք բազմիցս դիմել են սադրիչ գործողությունների։ ՆԳՆ-ն մի քանի անգամ կազմակերպիչներին և ագրեսիվ տրամադրված։ խմբերին կոչ է արել օրենքի սահմաններում բողոքի ցույցեր կազմակերպել, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների ցուցումներին, բանավոր վիրավորել են և դիմադրել են ֆիզիկապես։
Տարբեր լրատվամիջոցների ուղիղ եթերում պարզ երևում էր, թե ինչպես են ցուցարարները վնասում ենթակառուցվածքները, ճանապարհների մակերեսը և տեսախցիկները: Գիշերը Ռուսթավելի պողոտայում ցուցարարները հրկիզել են անհայտ առարկաներ, բարիկադներ կառուցել, վնասել Թբիլիսիի քաղաքապետարանի և մասնավոր անձանց գույքը, ոստիկանների ուղղությամբ նետել ապակե շշեր, քարեր, երկաթե իրեր և պիրոտեխնիկա։
Այս բռնարարքները կանխելու համար անցած գիշեր ՆԳՆ-ն բազմիցս կիրառել է օրենքով թույլատրված հատուկ միջոցներ։ Հատուկ միջոցներ կիրառելուց առաջ տեղում հավաքվածները նախապես զգուշացվել են»,- ասվում է տեղեկատվության մեջ։




























