Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին զինվորներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետաքննությունը ավարտելու պես մտադիր է հրաժարական տալ, գրում է Times of Israel-ը։

«Հետաքննության ավարտին մենք նաև անձնական որոշումներ կընդունենք, իսկ հրամանատարները՝ ինձնից սկսած, պատասխանատվության կենթարկվեն։ Ես մտադիր չեմ հրաժարվել անձնական որոշումներից, երբ պատկերն ավելի պարզ դառնա մեզ համար»,- գրել է նա։

Հալևիի՝ ուրբաթ հրապարակված ուղերձը հիմնականում կենտրոնացած էր բարձրաստիճան զինվորականների նշանակման իր որոշումը պաշտպանելու վրա, ոմանք պնդում էին, որ նա չպետք է նման որոշումներ ընդունի, քանի որ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ նա գլուխ չի հանել իր պարտականություններից:

«Պաշտոններում սպաների նշանակումը ոչ թե արտոնություն է, այլ հրամանատարական և օպերատիվ պարտականություն։ Իսրայելի պաշտպանության բանակը չի կարող իրեն թույլ տալ անգործ մնալ»,-հայտարարել է Հալևին:

Հուլիսին, երբ նրան հարցրել էին՝ մտադիր է արդյոք նա հրաժարական տալ, Հալևին պատասխանել էր, որ որոշում կընդունի, «երբ առաջադրանքները կատարվեն»:

«Բազմիցս հայտարարել եմ իմ պատասխանատվության մասին, և այս խոսքերն ունեն նաև գործնական նշանակություն, սա ինձ համար լիովին պարզ է։ Մենք գործերը կիսատ չենք թողնում, երբ դրանք ավարտենք, ես իմ որոշումը կընդունեմ»,-նշել է նա։

Հերզի Հալևին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետն էր 2023 թվականի սկզբից և ղեկավարում էր զինված ուժերը հոկտեմբերի 7-ի հարձակումներից առաջ և ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ի մոտ 3000 գրոհայիններ Գազայի սահմանով հարձակվեցին, սպանելով մոտ 1200 մարդու և պատանդ վերցրեցին 251-ին՝ հիմնականում քաղաքացիական անձանց:

Նշանակումների վերջին փուլում Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հրաժարվել է հաստատել երկու սպաների՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը հանգեցրած ձախողումներին նրանց հնարավոր մասնակցության պատճառով: