Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին Ժնևում անցկացված բանակցությունների փուլից հետո հայտարարել է Թեհրանի և եվրոպական եռյակի միջև դիվանագիտական բանակցությունները շարունակելու ծրագրերի մասին, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Քազեմ Ղարիբաբադին գրել է, որ իրանցի դիվանագետները Ժնևում «անկեղծ քննարկումների ևս մեկ փուլ» են անցկացրել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քաղաքական ներկայացուցիչների հետ։
«Մենք քննարկել և վերլուծել ենք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, մասնավորապես միջուկային հարցերը և պատժամիջոցների վերացումը։ Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն և նախընտրում ենք երկխոսության և ներգրավվածության ճանապարհը,- նշել է Ղարիբաբադին։ -Որոշվել է մոտ ապագայում շարունակել դիվանագիտական երկխոսությունը»:




























