Երևանն արդեն ունի ևս մեկ թաղամաս, որը նոր շունչ ու գեղեցիկ տեսք է հաղորդում մայրաքաղաքին։ Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում նոյեմբերի 30-ին Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի 19/8 հասցեում տեղի ունեցավ «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը, որին մասնակցում էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, «ՄԼ մայնինգ» ընկերության ղեկավար կազմն ու ներկայացուցիչները, թաղամասի բնակիչները։


Նախ տեղի ունեցավ ունեցավ բնակելի համալիրի օրհնման արարողությունը, որից հետո Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու «ՄԼ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրենը բացեցին հուշատախտակը, որը ներկայացնում է, որ «Ճառագայթ» թաղամասը կառուցվել է Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակում՝ Կառավարության բարձր հովանու ներքո։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորեց բնակիչներին, այդ թվում՝ 345 հանրային ծառայողներին, որոնք բնակարան են ձեռք բերել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում։ Նա շնորհակալություն հայտնեց «Ճառագայթ» համալիրի կառուցապատումն իրականացրած «ՄԼ մայնինգ» ընկերությանը՝ ծրագիրը կյանքի կոչելու և Երևանի բնակարանային ֆոնդը տարբեր հարմարություններով ապահովված նոր թաղամասով համալրելու համար։
«Քաղաքաշինության կոմիտեն կարևորում է կառուցապատման ծրագրերը, որոնք ձևավորում են բնակիչների համար հարմարավետ և գեղեցիկ միջավայր, ստեղծում ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ և նպաստում բնակարանային ֆոնդի թարմացմանը։ Կոմիտեն պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը՝ բարելավելով օրենսդրական դաշտը, պարզեցնելով և թվայնացնելով ընթացակարգերը՝ կառուցապատողների համար գործընթացները դարձնելով թափանցիկ և կանխատեսելի։ Դա իր հերթին կբարձրացնի ոլորտի ներդրումային գրավչությունը»,- նշեց Եղիազար Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ բնակարանաշինության ակտիվությունը և կառուցապատման հետաքրքիր առաջարկները կտարածվեն նաև մարզեր։ Կոմիտեի ղեկավարը կարևորեց նաև նոր համալիրների կառուցումից հետո գույքը բնակիչներին փոխանցելու գործընթացի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև բնակիչների դերը շենքերի ճիշտ շահագործման, պահպանման և կառավարման գործում։
Բնակիչներին շնորհավորեցին նաև «ՄԼ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը։ Էդուարդ Մարգարյանը հիշեցրեց, որ թաղամասի շինարարությունը մեկնարկել է 2020 թվականին, ինչից հետո Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ դժվարությունների միջով են անցել։ «Կորոնավիրուս, արցախյան պատերազմ՝ ծանր ժամանակներ էին, սակայն մենք մեր գործընկերների շնորհիվ կարողացանք իրականացնել և այսօր ձեր դատին հանձնել այս գեղեցիկ համալիրը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, քաղաքաշինության կոմիտեին, առանց որոնց ուղղակի անհնար կլիներ իրականացնել այս ծրագիրը»,- նշեց Էդուարդ Մարգարյանը։ 
«Մեծ հաշվով հաղթողներին չեն դատում, իսկ մենք հաղթեցինք, որովհետև այդ արհավիրքների ֆոնին անգամ պատվով իրականացրեցինք ու շահագործման հանձնեցինք 7 մասնաշենքից բաղկացած այս համալիրը»,- ավելացրեց Վարդան Մարությանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և «ՄԼ մայնինգ» ընկերության պատասխանատուները շրջեցին թաղամասում՝ ծանոթացան կատարված աշխատանքին, բնակարններին, ստեղծված հնարավորություններին։ Շենքերը բնակիչներին են հանձնվել ենթակառուցվածքների բոլոր հարցերը լուծած։ Համալիրի գազաֆիկացման, էլեկտրականության, ջրահեռացման համար շահառուները լրացուցիչ որևէ գումար չեն վճարել, այդ ծախսերը հոգացել է ընկերությունը։
Թաղամասի բնակիչները գոհ են։ Առաջին փուլում շահագործման հանձնված շենքերից մեկի բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պայմանները բավականին մատչելի էին ու հենց դա էր շարժառիթներից մեկը, որ այս թաղամասում բնակարան ձեռք բերեն։ «Բնակարանը գնելու հիմնական պատճառներից մեկը մատչելի գինն էր, սակայն չէինք պատկերացնում, որ այսքան որակով շենք կկառուցվի։ Բանկներն էլ օգնեցին, որ կառավարության հետ իրականացվող այս ծրագրի արդյունքում նաև վարկերի տոկոսադրույքները հարմար լինեն։ Սա հրաշալի հնարավորություն է հանրային ծառայողների համար։ Պետական համակարգում աշխատողներն այս պայմաններով նման բնակարան ձեռք բերելու հնարավորություն չէին ունենա, եթե այս ծագիրը չլիներ»,- նշեց Ռոբերտ Բաբաջանյանը։

«ՄԼ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը հիշեցրեց, որ Ճառագայթ թաղամասի շինարարությունն իրականացվել է երկու փուլով։ «Առաջինը կառուցվել ու 2023-ի աշնանը շահագործման են հանձնվել 4 մասնաշենքերը։ Դրանք արդեն 80 տոկոսով բնակեցված են։ Երկրորդ փուլում՝2024-ի աշնանը շահագործման հանձնվեցին 3 շենքերը։ 619 բնակարաններից 345-ը մատչելի պայմաններով գնել են հանրային ծառայողները, նաև 120 ավտոկայանատեղի։ ՄԼ մայնինգը պետության հետ համատեղ Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման այլ ծրագրեր էլ է իրականացնում՝ Ավանում Աճառյան 53 հասեցում Ավան թաուերսն ու Մալաթիա-Սեբաստիայում Բաբաջանյան 42/5 հասեցում Նոր Երևան բնակելի համալիրը։ Դրանց շինարարությունն ակտիվ ընթանում է»,- հայտարարեց Վարդան Մարությանը։ 2025-ին ընկերությունը շահագործման կհանձնի նոր համալիրներ, որոնց շինարարությունը մոտենում է ավարտին։ Վարդան Մարությանի խոսքով՝ 2025 թվականը «ՄԼ մայնինգ»-ի համար նշանավորվելու է համալիրների բացման շքերթով։ 
Որպեսզի բնակարանամուտը հիշարժան լինի նաև թաղամասի ամենափոքրիկ բնակիչների համար՝ «ՄԼ մայնինգ»-ը երեխաների համար ևս կազմակերպել էր հետաքրքիր միջոցառումներ։ Հրավիրվել էին հեքիաթների ու մուտլերի հերոսների, մի հատվածում երեխաները նկարում էին, մեկ էլ այլ հատվածում խաղում։












