ԱՄՆ-ում «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման կողմնակիցները նախատեսում են դեկտեմբերի 12-ին, երկրի խաղաղօվկիանոսյան առեւտրային նավահանգիստների «լայնամասշտաբ գրավման» ակցիա իրականացնել:
«Գրավիր նավահանգսիտները» ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ Երեւանի ժամանակով երեկոյան 18:30-ից, ցուցարարները փորձում են գրավել ՍանԴիեգո, Լոս Անջելես, Փորթլանդ, Սիեթլ, Թաքոմա եւ Անքորիջա քաղաքների նավահանգիստները, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Բացի այդ, բողոքի ակցիաներ տեղի կունենան Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքի նավահանգստում:
Ակցիան ուղղված է երկրի «տնտեսական մեքենայի կազմաքանդմանը, որը օգուտ է բերում հարուստ մարդկանց ու կորպորացիաներին»:
«Մենք գրավում ենք նավահանգիստները բողոքի ակցիաների, բոյկոտների ու բոլորի համար աշխատանքի լեգալիզացման շրջանակում, որպեսզի ուշադրություն գրավենք եւ մեր բողոքն արտահայտենք քրեական համակարգի դեմ»,- շարժման հայտարարությունն է մեջբերում հեռուստաալիքը:
Նավահանգսիտների վարչակազմերի ներկայացուցիչները զգուշացրել են, որ նավահանգիստների աշխատանքի ցանկացած խաթարում կհանգեցնի աշխատավարձերի ու աշխատակիցների հարկային մուծումների նվազման:
Հիշեցնենք, որ «Գրավիր Ուոլ Սթրիթը» ակցիան սկսվել է սեպտեմբերի 17-ին` Նյու Յորքում եւ տարածվել ԱՄՆ-ի մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Ջերսիում եւ Վաշինգթոնում, ինչպես նաեւ Եվրոպայի երկրներում: Ցուցարարները հանդես են գալիս գործազրկության, իշխանությունների վարած քաղաքականության եւ ֆինանսական ինստիտուտների դեմ, այն անվանելով «ֆինանսական ահաբեկչություն»:




























