Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողները երրորդ անգամ անընդմեջ նվաճել են Հարավային Կովկասի չեմպիոնի տիտղոսը եւ 4-րդ անգամ անընդմեջ` Հայաստանի ճեմպիոնի տիտղոսը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 27-ին, միաժամանակ 4 քաղաքներում (Թբիլիսի, Բառնաուլ, Սանկտ Պետերբուրգ եւ Տաշքենդ) կայացել են ծրագրավորման աշխարհի առաջնության Հյուսիս-արեւելյան եվրոպական գոտու (NEERC) կիսաեզրափակիչ մրցումները, որտեղ մրցել են 201-2011 թվականների ուսանողական թիմերը:

Թբիլիսիում հավաքվել են Կովկասի լավագույն թիմերը, որոնք մրցել են աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար: Միաժամանակ, Թբիլիսում կայացել է ծրագրավոման Հայաստանի առաջնությունը:

Հայաստանը ներկայացրել են Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի 4 թիմերը, ԵՊՀ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի ճարտարապետա-շինարարական համալսարանի 2-ական թիմերը:

Մասնակից 40 թիմերից Հարավային Կովկասի չեմպիոնի կոչումը նվաժել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 1-ին թիմը, որում ընդգրկված են եղել Նարեկ Սարիբեկյանը (մագիստրատուրայի 2-րդ կուրս), Վարդուհի Եղիազարյանը (4-րդ կուրս) եւ Հայկ Սարիբեկյանը (3-րդ կուրս):

Միաժամանակ, այս թիմը չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ, նրանք երկու խնդիր պակաս լուծեցին:

Նախկին Խորհրդային միության երկրների մասնակից բուհերի վարկանիշում (բացառությամբ Ուկրաինայի եւ Մոլդովայի), Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը արդեն երկրորդ տարին անընդմեջ գրավում է 22-րդ տեղը: