Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնում, հայտնում է РБК-ն՝ հղում անելով կադրային նշանակումներին ծանոթ աղբյուրին։

Տեղեկությունը հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Спроси у Расула»  տելեգրամյան ալիքը։ 2014 թվականից ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Օլեգ Սալյուկովն է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել Մուրադովի նշանակման մասին։

2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը Մուրադովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարն է եղել։

Մուրադովն ավելի վաղ եղել է Ուկրաինայում ռազմական գործողության գոտում «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատարը, համաձայն պաշտպանության նախարարության 2022 թվականի հուլիսի հաղորդման։ 2022 թվականի հոկտեմբերից նա ղեկավարում է Արևելյան ռազմական օկրուգի համատեղ ռազմավարական հրամանատարությունը։

Մուրադովը ծնվել է Դաղստանում 1973 թվականին, ավարտել է Սանկտ Պետերբուրգի համազորային բարձրագույն հրամանատարական դպրոցը, Զինված ուժերի համազորային ակադեմիան և գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ 1999 թվականին Դաղստան զինյալների ներխուժման ժամանակ եղել է շտաբի պետ և հետախուզական գումարտակի հրամանատարի տեղակալ։ Սիրիայում գործողության ընթացքում զբաղեցրել է ռազմական խորհրդականի պաշտոնը։

Ունի Ռուսաստանի հերոսի կոչում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV և III աստիճանի շքանշաններ, ինչպես նաև Արիության շքանշան։ 2022 թվականի փետրվարի վերջին  հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ։