Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով ժամանել է Իտալիա, որտեղ Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի եւ Նորին սրբության առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանրապետության ղեկավարը եւ Նորին սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Վատիկանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարեւորությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ:
Կողմերը կարեւորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը եւ Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին եւս: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում եւ Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար:
Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար եւ տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին:
Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:




























