ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների շարքում Վրաստանը կդառնա Աֆղանստանի ամենամեծ աջակից-երկիրը, «Ազատություն» ռադիոկայանի վրացական բաժնին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Վրաստանը մեծացնում է իր դերակատարությունը Աֆղանստանի անվտանգության միջազգային գործողություններում: Բոլոր նախապատրաստական աշխատանքները եւ ռազմական ուսուցումը արդեն անցկացվել է»,-նշել է Վաշաձեն:

Նախարարի խոսքով, հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել վրացական զորքերին, եւս մեկ անգամ ընդգծելով այն հանգամանքը, թե որքան մեծ լումա ունեն վրացական ստորաբաժանումները համաշխարհային անվտանգության հարցում, ինչը շատ կարեւոր է:

«Վերջին ժամանակներում այնպիսի հանդիպում չեմ ունեցել, որտեղ չընդգծվի, որ Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանին անգամ շնորհակալություն են հայտնում, որ իրեն պահում եւ զգում է որպես դաշնության անդամ-պետություն»,-ընդգծել է նա: