Ակիտա քաղաքում (համանուն պրեֆեկտուրայի վարչական կենտրոն) ոստիկանությունը եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները երրորդ օրը կարողացել են բռնել արջին, որը մտել էր տեղի սուպերմարկետներից մեկը։
Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ արջին բռնել են սենսորային թակարդների օգնությամբ, որոնք դրել էին սուպերմարկետի տարածքում։
Կաթնասունը մտել էր տեղի սուպերմարկետներից մեկը նոյեմբերի 30-ին՝ հարձակվելով ներսում գտնվող աշխատակցի վրա։ Մի քանի վնասվածքներ ստանալով՝ տղամարդը կարողացել էր փախչել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Ճապոնիայում, հատկապես անտառային եւ լեռնային տեղանքներին մոտ գտնվող քաղաքներում, արջերը հաճախ են հայտնվում բնակելի շրջաններում՝ երբեմն հարձակվելով մարդկանց վրա։ Ակիտայում վերջին մեկ ամսում արջերին արդեն մի քանի անգամ տեսել են բնակելի թաղամասերում, տեղի իշխանությունները մշտապես քաղաքացիներին կոչ են անում զգոն լինել։





























