Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան պատժամիջոցներ կմտցնեն Վրաստանի իշխանությունների դեմ զանգվածային ցույցերի ֆոնին, քանի որ կառավարությունը հրաժարվում է եվրաինտեգրումից, հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
«Բալթյան երեք երկրները համատեղ համաձայնել են պատժամիջոցներ մտցնել նրանց դեմ, ովքեր ճնշել են օրինական ցույցերը Վրաստանում։ Դեմոկրատիայի հակառակորդները եւ մարդու իրավունքները խախտողները չեն ողջունվում մեր երկրներում»,- գրել է Լանդսբերգիսը Х սոցցանցում։
Էստոնիայի ԱԳՆ-ում նշել են, որ պատժամիջոցներ մտցնելը «Վրաստանի ինքնահռչակ կառավարության բարձր ղեկավարության դեմ անհրաժեշտ է»։ Սահմանափակումները կվերաբերեն նաեւ միլիարդատեր եւ երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն։ Գերատեսչությունը ԵՄ երկրներին եւ ԱՄՆ-ին կոչ է արել «հետեւել մեր օրինակին»։
Մինչ այդ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ հայտարարությունում դատապարտել էին վրացական ոստիկանության կողմից բռնության կիրառումը ցուցարարների հանդեպ եւ սպառնացել են հետեւանքներով Վրաստանի իշխանությունների համար։ Կալասի խոսքով՝ ԵՄ երկրներին առաջարկվել են հնարավոր արձագանքի տարբերակներ, այդ թվում պատժամիջոցներ։ «Մենք տարբեակներ ունենք։ Բայց, իհարկե, պետք է համաձայնության գանք»,- ընդգծել է նա։
Վրաստանում հոկտեմբերի վերջից զանգվածային բողոքներ են սկսվել։ Դրանք սկսվել են խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նոյեմբերի վերջին հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները որոշել են մինչեւ 2028թ. հետաձգել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները, ինչը հանգեցրել է բողոքի նոր ալիքի։
Դեկտեմբերի 1-ին կառավարության հրաժարական, նոր խորհրդարանական ընտրություններ եւ եվրիատնեգրման վերադարձ պահանջող հանրահավաքներ են տեղի ունեցել Թբիլիսիում, Բաթումում, Քութաիսում, Թելավիում եւ այլ քաղաքներում։ Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին ջրցաններով եւ արցունքաբեր գազով։ Ցուցարարներն իրենց հերթին սկսել են օգտագործել ճայթռուկներ։ Հայտնի է մի քանի տասնյակ տուժած ցուցարարների ու ուժայինների մասին։





























