Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վրացի պաշտոնակցի՝ Մակա Բոչորիշվիլու հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանի իրավիճակը եւ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բայրամովը շնորհավորել է Բոչորիշվիլուն նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ նրան հաջողություններ ցանկանալով այդ պատասխանատու պաշտոնում։
«Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ այդ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է, որ առկա քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցելությունները, քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը նպաստում են ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեղի է ունեցել նաեւ կարծիքների փոխանակում տարածաշրջանային հարցերի եւ միջազգային կառույցներում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։





























