Ադրբեջանի հանրապետությունը վերջին ամիսներին իսլամականներին հալածանքների ենթարկելու հետ մեկտեղ սահմանափակում է Իրանի` Ադրբեջանում ունեցած կառույցների գործունեությունը, հրաժարվում է մուտքի վիզա տրամադրել Իրանից ժամանած պաշտոնական ներկայացուցիչներին: Այդ մասին հաղորդում է իրանական Tabnak.ir կայքը` նշելով, որ օրերս Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ահմադ Քազիմիին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան, նրան Բաքվի միջազգային օդանավակայանից հետ են ուղարկել:

Իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները պահանջում են Իրանի ԱԳՆ-ից եւ այլ մարմիններից բողոքի նոտա հանձնել Ադրբեջանին եւ Իրանից վտարել ադրբեջանական լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին:

«Ահմադ Քազիմին ստորացուցիչ ձեւով վտարվել է Ադրբեջան հանրապետությունից», գրում է կայքը եւ հավելում, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը Թեհրան կատարած այցի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերել ԻԻՀ-ի պաշտոնատար անձանց հետ լրատվական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության խորացման վերաբերյալ, սակայն չորս օր անց Բաքվի օդանավակայանի աշխատակիցները Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ահմադ Քազիմին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան: Մինչդեռ Ալի Հասանովը Իրանի հեռուստառադիոընկերության ղեկավարության հետ միասին որոշում էր ընդունել երկու երկրների մեդիայի միջեւ համագործակցության խորացման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ահմեդ Քազիմը որպես վերոնշյալ կոմիտեի հատուկ ներկայացուցիչ ուղեւորվել էր Ադրբեջան: Նրան վտարելով` Ադրբեջանցի պաշտոնյան խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, նշում է Tabnak.ir-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի ղեկավարությամբ հատուկ պատվիրակությունը Ադրբեջանից ուղեւորվել էր Իրան: Նոյեմբերի 30-ից սկսված եռօրյա այցի շրջանակներում քննարկվելու էին մի շարք կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար: Հասանովի այցը համընկնել է իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ժամանակաշրջանի հետ: Որոշ փորձագետների գնահատմամբ, այդ առաքելության միջոցով Ադրբեջանը փորձ է կատարել «բարիշել» Իրանի հետ, քանի որ վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերությունները որոշակիորեն սառել են: