Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed պարբերականի հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Անհրաժեշտ է սպասել, որպեսզի իմանանք, թե ինչպես է ամերիկյան նոր վարչակազմը ձեւակերպելու իր քաղաքականությունը, հետո մենք կձեւակերպենք մեր քաղաքականությունը»,- ասել է Արաղչին՝ պատասխանելով Թրամփի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին հարցին։ «ԱՄՆ նոր վարչակազմը դեռ ձեւավորված չէ, նա դեռ չի հայտարարել իր դիրքորոշումը, եւ պարզ չէ, թե արդյոք նա ցանկանում է վերացնել նախորդ գործունեության վնասը, թե ոչ»,- նշել է նա։
2018թ. Թրամփը դուրս եկավ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), որն ստորագրվել էր Իրանի հետ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից 2015թ.։ 2021թ. ապրիլից Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարել գործարքի վերականգնման մասին, որոնք 2022թ. ավարտվել են անարդյունք։
Ի պատասխան դրա՝ Իրանի խորհրդարանը 2020թ. ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին օրենքը իրանցի ժողովրդի պատժամիջոցների չեղարկման եւ շահերի պաշտպանության վերաբերյալ»։ Ըստ դրա՝ Թեհրանը կրճատեց միջուկային գործարքի մի շարք պարտավորություններ, այդ թվում ԱԷՄԳ տեսչությունները եւ արգելեց մոնիթորինգի խիստ միջոցները։





























