ԱՄՆ-ն Իրանից պաշտոնապես պահանջել է վերադարձնել ամերիկյան խփված անօդաչու թռչող սարքը:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նման պահանջ ԱՄՆ-ն ցանկացած իրավիճակում եւ ցանկացած երկրի իշխանությանը կներկայացներ: Դրա հետ մեկտեղ, Պետդեպարտամենտի ղեկավարը խոստովանել է, որ «հաշվի առնելով ներկայումս Իրանի պահվածքը»` իշխանությունները չեն ակնկալում, որ այն կհամաձայնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  դեկտեմբերի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը Իրանի արեւելքում ամերիկյան RQ-170 անօդաչու սարք են խփել: Իրանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում է խփված սարքը, դրա վրա տեսանելի վնասվածքներ չեն եղել: Իրանի տարածած տեղեկատվության համաձայն`RQ-170 Sentinel  անօդաչու սարքը խփվել է կիբերհարձակման օգնությամբ:Որոշ տվյալներով` սարքը օգտագործվել է իրանական միջուկային օբյեկտների, ինչպես նաեւ  «Հըզբոլլահ»-ի գրոհայինների նախապատրաստական ճամբարի գրոհայինների մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով: