Բալետի նախկին պարուհին երեքշաբթի դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ 2020 թվականին Ֆլորիդայում իրենից բաժանված ամուսնու սպանության մեղադրանքով։
WTSP հեռուստաալիքը հաղորդում է, որ Էշլի Բենֆիլդը դատապարտվել է 20 տարվա՝ կրած պատժաժամկետի հաշվարկով, որին հաջորդել է 10 տարվա պայմանական ազատազրկումը:
Գործը, որը հայտնի է որպես «Սև կարապի սպանության գործ», գրավել է երկրի ուշադրությունը, իսկ ոմանք Բենֆիլդին համեմատել են 2010 թվականին նկարահանված «Սև կարապ» ֆիլմի գլխավոր հերոսուհու հետ։
Հուլիսին ատենակալները բալետի նախկին պարուհուն մեղավոր ճանաչեցին չկանխամտածված սպանության համար՝ 2020 թվականի սեպտեմբերին վիճաբանությունից հետո իր ամուսնու՝ Դագ Բենֆիլդի վրա կրակելու համար: 32-ամյա Էշլի Բենֆիլդը պատմել է, որ իրենից բաժանված 58-ամյա ամուսնուն, որի հետ արդեն չէր ապրում նույն հարկի տակ, սպանել է ինքնապաշտպանության նպատակով՝ մոր տանը տեղի ունեցած վեճի ժամանակ: Այստեղ կինը տեղափոխվել էր Հարավային Կարոլինայից՝ ամուսնուց հեռանալուց հետո: Իշխանությունները հայտնել են, որ Էշլի Բենֆիլդը երկու անգամ կրակել է ամուսնու վրա:
Զույգն ամուսնացել է երկու շաբաթից էլ քիչ ծանոթ լինելուց հետո։ Ամուսնության ժամանակ Էշլի Բենֆիլդը 24 տարեկան էր, իսկ այրի Դագ Բենֆիլդը, որի կինը մահացել էր դրանից մոտ ինը ամիս առաջ, 54 տարեկան էր:
Հաղորդվում է, որ նրանց ամուսնական կյանքը չափազանց բարդ էր դասավորվել: Էշլի Բենեֆիլդի և Դագ Բենֆիլդի դեռահաս դստեր միջև լարվածություն էր առաջացել, և բալետի համատեղ ընկերություն ստեղծելու փորձը ձախողվել է։ Էշլի Բենֆիլդը մեղադրել է ամուսնուն առաջին կնոջը թունավորելու մեջ և լքել է նրան, երբ հղի էր իրենց երեխայով: Էշլին տեղափոխվել է մոր տուն՝ պնդելով, որ ամուսինը հիմա էլ իրեն է փորձում թունավորել:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել, սակայն ամուսնու նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։





























