Բելգիայի ոստիկանությունը խուզարկել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսի տունը և հարցաքննել նրան։ Նախկին պաշտոնյան, ով վերահսկում էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման և օտարման վերաբերյալ Եվրահանձնաժողովի աշխատանքները, կասկածվում է վիճակախաղի տոմսեր գնելիս փողերի լվացման մեջ, հաղորդում է Le Soir թերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ երեքշաբթի առավոտյան ոստիկանությունը խուզարկել է Ռեյնդերսի երկու բնակավայրեր, այդ թվում՝ բելգիական Ուքլե կոմունայում։ Ռեյնդերսը, ով 2007-ից 2011 թվականներին գլխավորել է Ազգային վիճակախաղը վերահսկող Բելգիայի նախարարությունը, կասկածվում է վիճակախաղի տոմսեր գնելիս անօրինական գործարքներ կատարելու մեջ։ Ըստ իշխանությունների՝ նախկին պաշտոնյան այս գործարքներն իրականացրել է երկար ժամանակ և արդյունքում ստացել է «բավականին մեծ գումար», սակայն հայտնի չէ, թե որքան։
Ռեյնդերսը, իբր, գնել է էլեկտրոնային վիճակախաղի տոմսեր՝ 1 եվրոյից մինչև 100 եվրո արժողությամբ, մասամբ կանխիկ գումարով, այնուհետև շահումները հանել է Ազգային վիճակախաղի հարթակի իր հաշվին, այնուհետև՝ իր սեփական հաշվին:
Խուզարկությունից հետո ոստիկանությունը Ռեյնդերսին բերման չի ենթարկել։ Նա չի կարող զրկվել ազատությունից, քանի որ հետաքննությունը վերաբերում է նրա՝ ֆինանսների (1999-2011թթ.), արտաքին գործերի նախարարի (2011-2019թթ.) և եվրահանձնակատարի պաշտոնավարման ժամանակահատվածին, գրում է հրատարակությունը։ Միաժամանակ նրա անձեռնմխելիությունը չի խանգարում խուզարկություններին ու հարցաքննություններին։ Եթե Բելգիայի դատախազությունը որոշի դատական գործընթաց սկսել, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ստիպված կլինի չեղարկել Ռեյնդերսի անձեռնմխելիությունը, գրել է պարբերականը:





























