Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ Հարավային Կովկասն այժմ, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին, երկրորդական դեր ունի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար, և դա կարող է հանգեցնել նրան, որ Բաքուն հազիվ թե հույս ունենա աջակցության վրա. ներառյալ՝ Թուրքիայից՝ Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով, Թուրքիան ներկայում շահագրգռված չէ, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի սանձազերծի Հայաստանի դեմ, քանի որ Անկարան Մերձավոր Արևելքում արդեն բավական խնդիրներ ունի։

«Այս ֆոնին Էրդողանը դժվար թե Ադրբեջանին թույլ տա ռազմական գործողություններ սանձազերծել՝ անկանխատեսելի ընթացքով և հետևանքներով։ Եթե ​​դա Թուրքիային պետք չէ, ապա Ադրբեջանը միայնակ դժվար թե լայնածավալ ագրեսիա ձեռնարկի Հայաստանի դեմ։

Միևնույն ժամանակ, Ալիևի գործողությունները հաճախ դուրս են գալիս աշխարհաքաղաքական տրամաբանությունից։ Սա հաշվի առնելով՝ Ադրբեջանը կարող է սահմանին փոքր փոխհրաձգություններ հրահրել՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով»,- հավելել է Սաֆրաստյանը։

Նրա գնահատմամբ՝ Թուրքիան մինչև 2029 թվականն իրական շահագրգռվածություն չի ունենա Հայաստանով միջանցք բացելու հարցում, քանի որ հենց այս ժամանակահատվածում նախատեսվում է ավարտել Կարս-Գյումրի երկաթուղու շինարարությունը։

«Ըստ իս՝ Ադրբեջանը, հենց Թուրքիայի կոչով, համաձայնել է հանել այս կետը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծից։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ապագայում կփորձի հասնել Հայաստանով անցնող միջանցքի արտատարածքային կարգավիճակի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում։

Ընդ որում, այն, ինչ կատարվում է Սիրիայում, պետք է դաս լինի Հայաստանի համար՝ Թուրքիայի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ որևէ երաշխիք չի կարող տալ»,- եզրափակել է թուրքագետը։