Հարավային Կալիֆորնիայի իշխանությունները հայտնել են, որ 2-ամյա տղան մահացու հրազենային վիրավորում է ստացել, երբ նրա 7-ամյա եղբայրը ատրճանակ է հայտնաբերել ընտանիքի բեռնատարի պահախցիկում, հայտնում է Associated Press-ը։

Ոստիկանները երկուշաբթի արձագանքել են Լոս Անջելեսից արևելք ընկած Ռանչո Կուկամոնգա առևտրի կենտրոնի կայանատեղիում հրաձգության մասին հաղորդումներին, հայտնել է Սան Բերնարդինո շրջանի շերիֆի վարչությունը: Փոքրիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը, ասված է շերիֆի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ոստիկանները տեղեկացել են, որ բեռնատարում 2 տարեկան երեխա է եղել եղբոր հետ, որը պահախցիկում հրազեն է հայտնաբերել։ Տղաների մայրն իրեր էր տեղավորում ավտոմեքենայի բեռնախցիկում, երբ կրակոց է հնչել, որը դիպել է փոքրիկի գլխին, հայտնել է շերիֆի խոսնակ Մարա Ռոդրիգեսը:

Շերիֆի վարչությունը հետաքննում է և զեկույց կուղարկի Սան Բերնարդինո շրջանի շրջանային դատախազություն՝ հնարավոր քրեական մեղադրանքների առկայությունն ուսումնասիրելու համար, հայտնել են պաշտոնյաները: