Վրաստանի դատախազությունը ընդդիմադիր գործիչ Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ մեղադրանք է առաջադրել Վրաստանում Ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար և իշխող «Վրացական երազանքի» անդամ Ալի Բաբաևի վրա հարձակման հետևանքով քաղաքական գործունեությանն առնչվող հետապնդումների մեջ, գրում է Новости-Грузия-ն:

Ըստ քննիչների՝ դեկտեմբերի 2-ին Կոստավայի փողոցում Էլիսաշվիլին «քաղաքական դրդապատճառներով» բանավոր կերպով և ֆիզիկապես վիրավորել է 70-ամյա Բաբաևին։

Դատախազությունը կպահանջի մինչև հետաքննության ավարտը քաղաքական գործչին կալանքի տակ պահել։ Մեղադրող կողմն առաջիկայում համապատասխան միջնորդություն կներկայացնի Թբիլիսիի քաղաքային դատարան։

Գործը շարունակվում է Վրաստանի ՔՕ 156-րդ հոդվածի 2-րդ մասով։ Սույն արարքի համար մինչև երեք տարվա ազատազրկում է նախատեսվում։

Էլիսաշվիլիին ձերբակալել  են դեկտեմբերի 4-ի երեկոյան Ազատության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի մոտից։ Ընդդիմադիր կուսակցություններն այնտեղ հանդիպում են անցկացրել։ Մուտքի մոտ մոբիլիզացվել են տասնյակ անհայտ իրավապահներ, իսկ մոտակայքում՝ քրեական ոստիկանության պետերը։ Ձերբակալման պահին լուրջ ծեծկռտուք է սկսվել։

Նախկին պատգամավորի համախոհները ձերբակալությունն անվանել են դիտավորյալ սադրանք, առևանգում և հաշվեհարդար՝ քաղաքական դրդապատճառներով։ Ըստ փաստաբանի՝ Էլիսաշվիլին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ։ «Ծեծկռտուք է եղել, նրա դեմքին վնասվածքներ, այտուցներ, կապտուկներ կան: Չի բացառվում, որ կողոսկրի կոտրվածք ունի»,- լրագրողներին ասել է փաստաբանը։ Վրաստանի հանրային պաշտպանն իր հերթին պնդում է նաև քաղաքական գործչի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման մասին։ Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր ավելի վաղ մեկուսարանում այցելել են Էլիսաշվիլիին։

Ինքը՝ Բաբաևը, հայտարարել է, թե Էլիսաշվիլին դեղատուն մտնելիս իրեն «տմարդի», «Վրացական երազանքի և Ռուսաստանի ստրուկ» է անվանել։ Բաբաևը չի ասում, թե ինչ է պատասխանել ընդդիմադիրին: Ըստ նրա՝ Էլիսաշվիլիի հարվածից հետո ինքը կորցրել է գիտակցությունը։