Իրանը մտադիր է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ուղարկել Սիրիա և ավելացնել այնտեղ իր ռազմական խորհրդատուների թիվը՝ նախագահ Բաշար ալ Ասադին ապստամբների դեմ պայքարում աջակցելու համար, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Թեհրանին, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի Սիրիա ուղարկել ռազմական տեխնիկա, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր... Թեհրանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայում իր ռազմական խորհրդատուների թիվը մեծացնելու և ուժեր տեղակայելու համար»,-նշել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Նշվում է, որ այժմ Թեհրանը հետախուզական աջակցություն է ցուցաբերում Սիրիային։
«Իրանն ու Սիրիան միասնական են ապստամբների առաջխաղացումը դեպի խոշոր քաղաքներ կանխելու համար: Սիրիան դեռևս ցամաքային զորքեր չի խնդրել Իրանից»,- հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ «այս պահին լուծման բանալին Սիրիայի և Ռուսաստանի կողմից օդային հարվածների ուժեղացումն է»:
Նա նշել է, որ Թեհրանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը Ասադի ուժերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:




























