Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը կաջակցի Սիրիային, ինչպես եւ նախկինում, ամբողջ ուժով եւ անհրաժեշտ ամեն ինչով, տեղեկացրել է Mehr-ը։

Արաղչին ուրբաթ իրաքցի եւ սիրիացի գործընկերներ Ֆուադ Հուսեյնի եւ Բասամ Սաբահի հետ Բաղդադում համատեղ մամուլի ասուլիս է տվել։

Իրանի արտգործնախարարը նախազգուշացրել է, որ եթե Սիրիան ահաբեկիչների ապաստարան դառնա, դա լուրջ սպառնալիք կստեղծի ողջ տարածաշրջանի եւ Սիրիայի հարեւան երկրների համար։

Նա ավելացրել է. «Առաջին ուղերձը աջակցությունն է Սիրիայի կառավարությանը եւ ժողովրդին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»։

Նա նշել է, որ «սիոնիստների դերը այս դավադրության մշակման հարցում չպետք է անտեսվի»։

Իրանը միշտ աջակցել է Սիրիայի կառավարությանը եւ ժողովրդին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում եւ կշարունակի ամբողջ ուժով անել դա, ասել է Արաղչին։

Նոյեմբերի վերջին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորած ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Հալեպ եւ Իդլիբ նահանգների դեմ՝ մի քանի շրջաններ զավթելով։

Սիրիայի կառավարական զորքերը դաժան մարտեր են մղում ահաբեկիչների դեմ՝ փորձելով հետ վերցնել իրենց դիրքերը։

2011թ. մարտից Սիրիան պատերազմի մեջ է, եւ Դամասկոսը նշում է, որ արեւմտյան երկրները եւ նրանց տարածաշրջանային դաշնակիցներն օգնում են ահաբեկչական խմբավորումներին քաոս սերմանել երկրում։