Այսօր Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի ճանապարհին անօդաչու թռչող սարքը հարձակվել է ԱԷՄԳ-ի ծառայողական ավտոմեքենայի վրա և լրջորեն վնասել այն։ Դրա մասին սոցցանցերում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
ԱԷՄԳ-ի ղեկավարը դատապարտել է կատարվածը՝ ռազմական հակամարտության ժամանակ միջուկային վթարի կանխարգելման համար աշխատող Գործակալության աշխատակիցներին թիրախավորելն «անընդունելի» որակելով:
Միջադեպին անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Telegraf.com.ua-ն։
«Այս հարձակումը հստակ ցույց տվեց, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն ամենին, ինչ առնչվում է միջազգային իրավունքին, միջազգային ինստիտուտներին և անվտանգությանը։ Ռուսները չէին կարող անտեղյակ չլինել իրենց թիրախի մասին: Նրանք հստակ գիտեին, թե ինչ են անում»,- նշել է նա:



























