Պատրանքներ չունեմ, թե այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի հետ կայունություն եւ երկարաժամկետ խաղաղություն կապահովի տարածաշրջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 11-ին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, եւ դրանում անգամ ակնարկ չկա հայկական շահերի ապահովման մասին։
Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է մշտապես նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգում, հետաձգել կամ խափանել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Այվազյանը մտավախություն է հայտնել, որ քննարկվում է փաստաթուղթ ընդհանուր ձեւակերպումներով, որը կներկայացվի որպես խաղաղության պայմանագիր, չնայած հողի վրա մնում են լուրջ խնդիրներ։
Դրանց թվում են հայ գերիների վերադարձը եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը հաղորդակցությունների ապաշրջափակման մասով կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ, կարծում է դիվանագետը։
Նա հիշեցրել է դիվանագիտության ոսկե կանոնի մասին. «Եթե ամեն բան համաձայնեցված չէ, ապա համաձայնեցված չէ ոչինչ»։
«Ես մի քանի անգամ ակնարկել եմ այն մասին, որ մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը հիմնականում պայմանավորված են արտաքին գործընթացներով եւ արտաքին ակտորներով։ Ճիշտ դիվանագիտությունը պետք է հիմնված լինի ներքին օրակարգի վրա, սեփական շահերի առաջմղման վրա՝ հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակը»,- նշել է նախկին նախարարը։
Այվազյանն ընդգծել է, որ Ադրբեջան երբեք չի հարգել որեւէ պայմանավորվածություն, Բաքուն թելադրում է իր օակարգը, եւ չկա որեւէ երաշխիք, որ կկատարի պայմանը, եթե այն լինի, եւ ապագայում Հայաստանի դեմ հայցեր չի ներկայացնի միջազգային դատարաններ։
«Իրենց հռետորաբանությունում նրանք խոսում են հսկայական փոխհատուցումների եւ մարդկանց հետապնդումների մասին։ Դրա համար կարծում եմ, որ Հայաստանի հնարավոր հրաժարումը Ադրբեջանի դեմ հայցերից ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Տարածաշրջանում կտիրի խաղաղություն այն ժամանակ, երբ այստեղ չեն լինի հաղթողներ եւ պարտվողներ, երբ կողմերից ոչ մեկին չեն հարկադրի միակողմանի զիջումների գնալ»,- ասել է դիվանագետը։
Նա հավաստիացրել է, որ դիվանագիտական աշխատանքը իր նախարար եղած ժամանակ ունեցել է «ամենաինքնավար կարգավիճակը»։ Այվազյանը հիշեցրել է, որ 2021թ. ապրիլի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնել է միջոցառում՝ բարձր մակարդակի 34 միջազգային պատվիրակների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության եւ Արցախի պատերազմի թեմայով։











